Ալինա Գուլանյանն իր ուժեղ կամքով և աշխատասիրությամբ կարողացել է հաղթահարել բազում փորձություններ և հիմա կրթություն է ստանում Իսպանիայում, ճանապարհորդում եվրոպական երկրներում՝ իր համար բացահայտելով տարբեր մշակույթները:
Ծնունդով Ախալքալաքի շրջանի Գոման գյուղից Ալինա Գուլանյանը նախնական կրթությունը ստացել է գյուղի հանրային դպրոցում, ապա էքստեռն կարգով քննություն է հանձնել և 11-րդ դասարանում ավարտել դպրոցը: Այնուհետև մասնակցել է ազգային միասնական քննություններին և ընդունվել Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուներ և հաղորդակցության ֆակուլտետի իսպաներեն-անգլերեն բաժինը: Այժմ ուսանում է 3-րդ կուրսում, զուգահեռ հաճախում մանկավարժական բլոկի՝ մանկավարժական որակավորում ստանալու համար:
Դեռ դպրոցական տարիներին Ալինան մասնակցել է Access ծրագրին, որը շատ մեծ նշանակություն է ունեցել նրա կյանքում: Շնորհիվ այս ծրագրի նա բարելավել է անգլերենի իմացությունը, զարգացրել մտահորիզոնը, նոր ընկերներ է ձեռք բերել, մասնակցել մի շարք թրեյնինգների և այլն:
«Ծրագրին մասնակցելուվ հասկացա, որ անգլերենն իմն է, ես այդ լեզուն շատ եմ սիրում և ուզում եմ ավելին իմանալ: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի ապագա մասնագիտությունս, ընթացքում հասկացա, որ հակում ունեմ նաև իսպաներենի հանդեպ: Իմ մոտիվացիան այն էր, որ գիտակցում էի, եթե ընտրել եմ այդ մասնագիտությունը, ապա մինչև վերջ պետք է պայքարեմ որպեսզի հասնեմ իմ նպատակին»:
Ալինան հիմա սովորում է Իսպանիայի Ալմերիա քաղաքի Ալմերիա համալսարանում, որտեղ գնացել է Erasmus+ ծրագրի շրջանակներում, որը առաջարկում է ուսանողների փոխանակում: Այս ծրագիրն Ալինային ինքնաճանաչվելու, սեփական հնարավորությունները գիտակցելու և ընտանիքից հեռու ապրելու ուժ է տվել:
«Erasmus+ ծրագիրը ինձ շատ է օգնել: Նախ սկսեմ նրանից, որ այն մեծ ազդեցություն ունեցավ իմ ինքնուրույն դառնալու վրա, չնայած դժվարություններին: Գալով Իսպանիա, ես մշակութային շոկ ապրեցի, մեր և նրանց մշակույթների տարբերությունը շատ մեծ է»:
Մեր հերոսուհին բացի անգլերենից և իսպաներենից ուսումնասիրում է նաև չինարեն, և նրա երազանքն է դառնալ որակյալ և պահանջված թարգմանիչ:
«Երբ դպրոցական էի, մտքովս անգամ չէր անցնում, որ երբևէ կկարողանամ հասնել այս ամենին: Աշխարհագրության դասաժամին միշտ քարտեզի վրա մատս դնում էի եվրոպական երկրների վրա և մտքումս մտածում, ասելով՝ երանի այնտեղ ապրող մարդկանց: Ինձ համար իրական չէր թվում, որ մարդիկ կարող են գնալ և տեսնել այդ ամենը: Բայց արի ու տես, որ կյանքում ամեն բան հնարավոր է»:
Ալինա Գուլանյանը հասցրել է լինել Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում և Իտալիայում, առաջիկայում պատրաստվում է Հունաստան գնալ:
Մեր այն հարցին, արդյո՞ք նա ցանկություն ունի հետագայում վերադառնալ ծննդավայր, Ալինան պատասխանում է.
«Չէի ցանկանա վերադառնալ գյուղ ապրելու համար, բայց երբեք չեմ մոռանա, թե ով եմ ես, որտեղ եմ ծնվել: Որպես մարդ կայացման ճանապարհին շատ մեծ է եղել իմ դպրոցի դերը: Իմ ուսուցիչներն ինձ առաջ շարժվելու մոտիվացիա էին տալիս: Երբեք կապը չեմ կորցնի ծննդավայրիս հետ, և առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձեմ օգնել շրջանիս ու գյուղիս»:
Ալինան իր փորձից ելնելով խորհուրդ է տալիս, երբեք չվախենալ փորձություններից և դժվարություններից: Չթողնել, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան խանգարի նպատակին հասնելու համար: Չհանձնվել ձախողումներից, քանզի մեկ կամ երկու անգամ ընկնելուց հետո, երրորդ քայլից կհասնես երազանքիդ: