Վերջին 1-2 ամիսներին Ախալքալաքում և շրջանի գյուղերով շրջող ոստիկանական մեքենաները տարբերվում են տեղականից: Բնակիչները խոսում են, որ դրանք հատուկ նշանակության բրիգադներ են: Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են, որ դրանք ընդամենը ոստիկանության աշխատակիցներ են՝ ՆԳՆ-ի աշխատակիցներ, ովքեր կատարում են իրենց պարտականությունները:

Ախալքալաքում ասում են, որ հատուկ ուժեր են եկել Թբիլիսիից` վերահսկելու Ախալքալաքում տիրող իրավիճակը և նշում են, որ ինչ-որ մեծ իրադարձություններ են սպասվում:

«Կարծում եմ, ինչ-որ բան է տեղի ունենում, հակառակ դեպքում ամեն օր ինչու են նրանք շրջագայում քաղաքում», – ասում է Ախալքալաքի բնակիչ Արմենը:

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ դրանք կարող են լինել ինչպես Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ այլ շրջանների ոստիկանության բաժանմունքների:

«Ինչպես մյուս տարածաշրջաններում, Սամցխե-Ջավախքում ևս իրավապահ մարմիններն իրականացնում են իրենց լիազորությունները: Ոստիկանությունը, Վրաստանի օրենսդրությամբ տրված լիազորության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում՝ հասարակության անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար, կանխարգելիչ միջոցառումները կատարելու առումով», – հաղորդում են ՆԳՆ-ի մամլո ծառայությունից: