Ախալքալաքում ավանդույթ դարձած վերջին զանգի հանդիսավոր միջոցառումները տեղի չունեցան: 2020 թվականի շրջանավարտները որպես այդպիսին իրենց վերջին զանգը չեն հիշի, որովհետև չի եղել: Շրջանավարտների այդքան երազած վերջին զանգը, կորոնավարակի պատճառով տեղափոխվեց սոցցաներ: Հուզիչ գրառումներ, շնորհավորանքի խոսքեր, դպրոցական հին լուսանկարներ…

Ժաննան և իր դասընկերները փոքրուց որոշել էին, որ իրենց վերջին զանգը պետք է լինի 20.05.2020 թ․-ին, որպեսզի այսպես ասած «գոլդ» տարեթիվն իրենցը լիներ: Ինչպես շատերը, Ժաննան ևս իր «Վերջին զանգը» նշել է ֆեյսբուքում: Նա գրառում է կատարել և բազմաթիվ օնլայն շնորհավորանքներ ու սմայլ-սրտիկներ ստացել:

«Դպրոց, այս բառը լսելով բոլորս մտովի հիշում ենք մեր դպրոցը, դասարանը, դասընկերներին…
Այսօր ավարտվեց ևս մեկ սերնդի դպրոցական կյանք, բայց կարծես ոչ ոք չիմացավ, կարծե՞ս, ըըը կներեք, իհարկե ոչ ոք չիմացավ։ Մենք էլ գիտեինք, բայց բան չփոխվեց…
Մենք չունեցանք այս օրը՝ 20.05 2020 մենք չունեցանք ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ, ՎԵՐՋԻՆ ԴԱՍ, և ի վերջո չզգացինք՝ ի՞նչ է նշանակում վերջնական բաժանումը դպրոցից։
Կարծես էլի եմ գնալու…
Մեր սրտի խոսքը չասեցինք՝ հեռվից հուզմունքով մեզ նայող մեր սիրելի դասղեկին, հնարավորություն չունեցանք շնորհակալություն հայտել մեզ կրթողներին՝ ուսուցիչներին․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի հանրային դպրոցի շրջանավարտ Ժաննա Չոգանդարյանը:

Վրաստանում կորոնավարակով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարված: Արգելվում է ցանկացած հավաք ու միջոցառում: Հասմիկը մտքի ծայրով անգամ չէր կարող պատկերացնել վերջին զանգի այսպիսի տարբերակ: Ախալքալքի թիվ 1 դպրոցի շրջանավարտը հիասթափված է:

«Ամեն ինչ մտածել էինք, ես եղել եմ այն մարդը, ով դպրոց մտնելու առաջին օրվանից ասել է, որ մինչև 12-րդ դասարան հասնելու եմ, որ վերջին զանգ ունենամ։ 10-11-րդ դասարանում արդեն որոշել էինք, ինչ էինք անելու, սակայն վիրուսի պատճառով վերջին զանգի արարողություն չունեցանք: Շատ վատ ազդեցություն ունեցավ համ իմ, համ էլ դասարանցիներիս վրա, մեծ հիասթափություն է։ Հիմա ոչ մի բան չենք անում, արարողության համար շորեր էինք կարել տվել, հիմա դրանք պատրաստ են, սկսել էինք վալս պարապել, չորս պարապմունքից հետո կիսատ թողեցինք»,- պատմում է շրջանավարտ Հասմիկ Ավագյանը։

Նա հիմա էլ հույսը չի կորցնում և կարծում է, որ գոնե փոքրիկ երեկույթ կկազմակերպեն։

«Հիմա էլ քննարկում ենք, որ վերջին զանգի նման գոնե մի բան լինի։ Ինչպես ասում են ուսուցիչները, հնարավոր կլինի, որ արտակարգ իրավիճակից հետո ինչ որ միջոցառում կազմակերպենք», – ավելացնում է Հասմիկը։

«Ինձանից մեծ 2 քույր ունեմ, իրենց վերջի զանգի արարողություննեը տեսնելով պատկերացրել եմ իմը, այսինքն՝ դպրոց, զարդարած դահլիճ, ծաղիկներ, երգ-երաժշտություն, հրաժեշտի խոսքեր, բայց ցավոք սրտի ոչ մեկը չեղավ։ Հիմա մի քիչ դժվար է նկարագրել այս իրավիճակը, որ 12 տարի գոնե մի քիչ մտածել ու ուզել ես ապրել այդ պահերը ու մեկ էլ չկա, որովհետև կորոնան է եկել, դժվար է», – կիսվում է Ախալքալաքի Ռուբեն Տեր Մինասյանի անվան 5-րդ դպորցի շրջանավարտ Յանա Հակոբյանը։

Յանան իր դասընկերների հետ այսօր այցելել է իր սիրելի դասղեկին։

«Ես սովորում եմ թիվ 5 հանրային դպրոցում, դե բոլորին էլ հայտնի է, որ աշակերտության թիվը քիչ է մեր դպրոցում։ Մեր դասարանում 5 հոգի ենք ու գնացել էինք դասղեկի տուն։ Այնտեղ խոսեցինք, հիշեցինք, ծիծիաղեցինք ու լսեցինք հարգելի Աշխենի խորհուրդները։ Ու նորից շտապելով տուն եկանք, որ հանկարծ ժամը 9-ից ուշ չլինի, և այդպես անցավ մեր չհնչած վերջին զանգը», – հավելում է շրջանավարտ Յանա Հակոբյանը։

Կարևոր և սպասված օրը Լիկան չստացված է համարում: Շրջանավարտը հույս է փայփայել, որ թեկուզ դիմակներով վերջին զանգ կանեն, սակայն արգելեն են:

«Մենք անպայման ավարտական երեկո ենք անելու, դասարանով հավաքվելու են, բայց հիմա չէ: Կսպասենք, մինչև մի փոքր սահմանափակումները մեղմանան, հանդիսությունների սրահները բացվեն, որ չտուգանեն: Բայց քանի որ այսօր մեր վերջին զանգը պետք է լիներ, մենք չէինք կարող դա այդպես աննկատ թողնել այս օրը: Մենք դասարանով հավաքվեցինք և փուչիկներ բաց թողեցինք երկինք: Դասընկերներով անցկացրինք այս օրը: Շատ էինք հիասթափված և տխուր, քանի որ հասկանում էինք, որ կարող էր այսպես չլիներ: Մենք սպասում էինք, որ ինչ որ մեղմացում կլիներ մեզ համար: Գոնե դիմակներով և ֆիզիկական հեռավորություն պահպանելով, բայց ոչինչ չեղավ: Ասել են, որ ցանկացած տեսակի միջոցառումներն արգելված են: Մեզ համար այս օրը շատ կարևոր էր, բայց չստացվեց»,- ասաց Լիկա Մանասյանը: