Արդեն մեկ շաբաթ է սկսվել է Արագվա գյուղի հանրային դպրոցի մարզադահլիճի վերանորոգման շինարարական աշխատանքները:
Այսօր Արագվայի դպրոցում մշակութային միջոցառմամբ նշեցին ուսումնական տարվա ավարտը: Ամփոփվեց անցած տարին և խոսվեց հաջորդ, 2017-2018 ուսումնական տարին արդեն վերանորոգված սպորտդահլիճով և կենտրոնացված ջեռուցումով սկսելու մասին:
Ռուսաստանաբնակ, ծնունդով Արագվա գյուղից Նորիկ Սևիկյանի ֆինանսավորմամբ վերանորոգվում է դպրոցի մարզադահլիճը:
«Խնդրել ենք մեր համագյուղացուն, որ աջակցի մեր դպրոցին: Նա մշտապես մարզագույքով է օգնել: Հիմա էլ մարզադահլիճն է վերանորոգում: Մոտավորապես 25 000 լարի է հիմա հատկացրել, սա նախնական գումարն է, մինչև վերջ էլ նա կֆինանսավորի, որպեսզի մարզադահլիճն իդեալական տեսք ունենա: Սա արվում է հանուն մեր գյուղի երեխաների»,- նշեց Արագվայի հանրային դպրոցի տնօրեն Անդրեաս Աբդոյանը:
1986 թվականից մինչ օրս դպրոցի մարզադահլիճում ոչ մի տեսակի վերանորոգում չի իրականացվել: Այն 11 մ լայնություն և 24 մ երկարություն ունի: Ընդարձակ, սակայն քարուքանդ այս դահլիճում երեխաները դասեր էին անցկացնում և մարզային հաջողություններ գրանցում:
Շուտով կսկսվեն նաև դպրոցի կենտրոնացված համակարգով ջեռուցման անցկացման աշխատանքները: Բնական գազ մատակարարող ընկերության հետ պայմանագիրն արդեն կնքված է:
«Ջեռուցման հարցը ևս կարելի է ասել՝ լուծված է, նորից ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները հավաքվել են և գումար տրամադրել»,- ասաց դպրոցի տնօրենը:
Արագվայի պարի խումբը ևս պարապունքներն անցկացնում է դպրոցի մարզադահլիճում: 7 ամիս առաջ ստեղծված պարի խումբ է հաճախում 30 երեխա: Նրանք այսօր պարային ու երաժշտական կատարումներով ազդարարեցին իրենց դպրոցում կրթական ուսումնական տարվա ավարտը:
Նշենք, որ Արագվայի նորաստեղծ պարի խումբը, որն ընդամենը 7 ամիս առաջ է ստեղծվել և գործում է Ախալքալաքի մշակույթի տան ներքո, այս տարի «Ջավախքի գարուն» փառատոնին գրավել է առաջին պատվավոր տեղը:
Արագվայի հանրային դպրոցում շինարարական աշխատանքներն ընթանում են Վրաստանի Կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ:
Աղունիկ Այվազյան