Երեկ Վրաստանում մեկնարկել է Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է Քննությունների ազգային կենտրոնը:
Մարտի 8-ին, մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադայի վրացերենի ու գրականության թեստավորման երկրորդ փուլը:
Ազգային օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է երկու քննամասով, որին մասնակցում են ավելի քան վեց հազար աշակերտ: Գործընթացը կավարտվի մարտի 12-ին՝ գերմաներենի թեստավորմամբ:
Օլիմպիադան անցկացվում է Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից մշակված բոլոր կանոնակարգերին համապատասխան:
Աշակերտը կկարողանա անցնել երրորդ փուլ, եթե համապատասխան առարկայական թեստի առավելագույն միավորի առնվազն 50%-ը հավաքի, ինչպես նաև եթե համապատասխան դասարանի առաջին հիսուն մասնակիցների և առարկայական վարկանիշային ցանկի մեջ ընդգրկվի: Երրորդ փուլ անցած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով:
X-XII դասարանների աշակերտների համար ազգային օլիմպիադան անցկացվում է հետևյալ առարկաներից՝ վրաց լեզու և գրականություն, վրացերենը՝ ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, օտար լեզու:
Ազգային օլիմպիադայի նպատակն է՝ խթանել ուսումնակրթական գործընթացը և բարձրացնել աշակերտների մոտիվացիան, ինչպես նաև նրանց ընդգրկումը թիմում, որը կներկայացնի Վրաստանը միջազգային օլիմպիադաներում:
Վրաստանի ԿԳ նախարարության որոշմամբ՝ Վրաստանում Ազգային ուսումնական օլիմպիադան անցկացվում է 2009 թվականից: