Ջավախքի տիկնիկն առանձնանում է իր ուժեղ բնավորությամբ: Տիկնիկներից յուրաքանչյուրը յուրովի է նկարագրում ջավախքյան կոլորիտն ու գործունյա կնոջ կերպարը:

Սաթենիկը մեկ առ մեկ տիկնիկներն է դասավորում պահարանի մեջ, ուղղում դրանց դասավորությունը: Տիկնիկագործը առանձնակի սիրով ու ոգևորվածությամբ է խոսում իր տիկնիկների մասին: 5 տարի առաջ շատ պատահական Սաթենիկը տեսնում է արցախյան տիկնիկն ու ինքն իրեն հարց է տալիս՝ ինչու՞ չստեղծել Ջավախքի տիկնիկը:

«Ուզեցի ազգային տիկնիկ պատրասել` հենց Ջավախքինը: Տիկնիկ ունեմ, որ հենց իմ տատիկին հիշելով եմ պատրաստել: Օրինակ. իլիկ մանող տիկնիկի մեջ փորձել եմ տատիկիս կերպարը վերարտադրել: Ամեն անգամ փորձում եմ իմ պատկերացմամբ յուրահատուկ տիկնիկ ստեղծել»,-ասաց տիկնիկագործը:

Սաթենիկ Մահտեսյանը Երևանի տնտեսագիտական համալսարանն է ավարտել, սակայն սիրելի զբաղմունքը տիկնիկագործությունն է: Սկզբից տիկնիկների վարպետը սկսել է ուսումնասիրել հայկական տարազների առանձնահատկությունները, հետո արդեն տիկնիկները:

«Կենտրոնացա, սկսեցի ուսումնասիրել հենց Էրզրումի տարազների տեսակները, քանի որ մենք հենց Էրզրումից ենք», – ասաց Սաթենիկը:

Սկզբում միայն թելերով է սկսել տիկնիկներ պատրաստել, հետագայում արդեն տիկնիկներին հայկական էլեմենտներ ավելացրել:
tiknik
Այսօր Սաթենիկի պատրաստած տիկնիկները ոչ միայն Ջավախքում, այլև Թբիլիսիում և Երևանում մեծ պահանջարկ ունեն: 5 տարվա ընթացքում այնքան շատ է պատրաստել ու նվիրել մարդկանց, որ արդեն հաշիվը կորցրել է:

«Սկզբից շատ էի ուրախանում, որ մեր պատրաստած տիկնիկները մարդկանց դուր է գալիս: Մեծ ուրախությամբ նվիրում էի, հիմա չեմ կարողանում նրանցից բաժանվել: Այնքան հարազատ են, կարծես իմ երեխաները լինեն»,- պատմում է Սաթենիկ Մահտեսյանը:

Վերջինս տիկնիկները վաճառելու և սիրելի զբաղմունքը եկամտաբեր դարձնելու մասին անգամ չի ուզում մտածել: «Վերջերս ամերիկահայ մի կին էր եկել, մի տիկնիկ նվիրեցի, դուք տեսնեիք ինչպես էր ուրախացել, ինձ համար դրանից մեծ գնահատական չկա», – նշեց մեր զրուցակիցը:
tiknik Satenik

Ջավախքի տիկնիկագործի պատրաստած յուրաքանչյուր տիկնիկ մի յուրահատուկ բնավորություն է արտահայտում: Թվում է նույն մարդն է պատրաստում և պետք է, որ միանման տիկնիկներ ստացվի, բայց ոչ…

«Թվում է անշունչ առարկա է, բայց չէ նրանք կենդանի են, ամեն մեկը մի բնավորությամբ, մեկը՝ ջղային, մյուսը՝ ժպտերես, երրորդը՝ երիտասարդ կին»,- պատմեց Ջավախքի տիկնիկագործը:

Սաթենիկի պատրաստած յուրաքանչյուր տիկնիկ իր պատմությունն ունի: Պահարանում դասավորած տիկնիկները Ջավախքի կանայք են՝ իրենց ուժեղ, տոկուն և միևնույն ժամանակ կանացի կերպարներով, որոնց կողքին են աշխատասեր ու նվիրյալ Ջավախքի տղամարդկանց կերպարները: Այստեղ է Ջավախքի գործունյա կինը, բամբասկոտ տատիկը, մյուսն էլ կարմիր թշերով հարսն է, մի կողմում էլ բամբասկոտ Անուշ տատն է:

Աղունիկ Այվազյան