Այսօր՝ փետրվարի 13-ին, Ջավախքի բոլոր եկեղեցիներում և գյուղերում, մասնավորապես Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում առանձնակի շուքով նշվեց Տեառնընդառաջի տոնը, ինչպես նաև կատարվեց նորապսակների օրհնության կարգ:

tearn

ter2

Տեառնընդառաջի տոնը կամ ջավախքյան բարբառով ասած «Խեծաղը», «Տրնդեզը» մեզանում առանձնակի շուքով են նշում, հատկապես նորապսակ ունեցող ընտանիքները: Այս օրը նորապսակները հիմնականում եկեղեցի են գնում և թռնում են խարույկի վրայով:
ter8

ter10

Նորապսակ ունեցող ընտանիքում իսկական տոնախմբություն է: Փեսացուի տանն են հավաքվում բարեկամներն ու խնամիները: Աղջկա ծնողները, բարեկամները նվերներով գնում են փեսայի տուն: Սեղանների շուրջ հավաքված երիտասարդներին տանտերը նախ «խեծաղ»՝ մեղրով բոված ցորեն է հյուրասիրում, որից հետո հավաքվածները շուրջպար են բռնում խարույկի շուրջ, իսկ նորապսակները 3-ից 7 անգամ կրակի վրայով են թռնում:

Ter1

ter9

Կրակի վրայով են ցատկում նաև երեխա չունեցող կանայք ու չամուսնացած երիտասարդները, հույսով, որ Աստծո օրհնությամբ կհղիանան ու կամուսնանան: Երիտասարդները այնքան են պարում և թռնում խարույկի վրայով մինչև այն հանգչի: Ջավախքի տարբեր գյուղերում Տեառնընդառաջը յուրովի է նշվում:

Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։

ter3

Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը, Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։

ter6

Ժողովրդական սովորույթի համաձայն օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, խարույկի կրակը բորբոքելիս հայցում ենք աստվածային սիրո հուրը։

Վարդուհի Կուրղինյան