«Կովկաս 2022» փառատոնում, որի եզրափակիչն անցկացվել է Բաթումիում, Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը պարգևատրվել է «Վրաց պարարվեստի ասպետական շքանշան»-ով։
Բաթումիի արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Կովկաս 2022» փառատոնի ավարտական հանդիսությունը, որը մեկնարկել էր հուլիսի 2-ին՝ Ռաճա-Լեչխումիի շրջանի Օնի քաղաքում, հետո տեղափոխվել էր Աջարիա՝ Քոբուլեթի քաղաք և ավարտվել Բաթումիում։ Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ համույթներ Վրաստանի տարբեր շրջաններից։ Այս փառատոնի նպատակն է հանրահռչակել վրացական ազգային պարերը, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին՝ հիմնվելով հարգանքի և հանդուրժողականության վրա։ Ախալքալաքից փառատոնին մասնակցում էր «Ջավախք» համույթը, անսամբլի հետ ելույթ է ունեցել նաև աշուղ Ալիք Ջավախքը։
«Այն, որ ես ստացա շքանշան, առանձնակի հաճույք է, քանի որ նույնիսկ մտածել չէի կարող այդ մասին։ Այս տարի մենք և մեր համույթը, կարծես թե ամենուր առաջին շարքերում էինք, մեզ մեծ ուշադրություն էին դարձնում։ Երեխաներս շատ լավ ելույթ ունեցան Քոբուլեթիում, Բաթումիում, մեզ շատ ջերմ դիմավորեցին, բուռն ծափահարություններով։ Ամեն ինչ լավ էր: Անակնկալ էր ինձ համար «Վրաց պարարվեստի ասպետական շքանշանի» շնորհումը։ Այնտեղ ես երգեցի վրացերենով գրած իմ առաջին երգը»,- ասում է Ալիկ Քսպոյանը։
Ալիկ Քսպոյանին շքանշանը շնորհվել է Վրաստանի Պարարվեստի միության կողմից՝ վրաց պարարվեստում ունեցած մեծ ավանդի և այդ ոլորտում ծավալած բազմամյա գործունեության համար: Սա այս ոլորտում բարձրագույն պարգևներից մեկն է։
Փառատոնին համույթը ներկայացել է հայկական պարերով՝ աշուղի երգեցողության ուղեկցությամբ: «Ջավախք» համույթի պարացանկում ներառված են նաև վրացական պարեր։ Հարցին, թե ինչպես է հաջողվում պահպանել Վրաստանում հայ համայնքի ազգային և մշակութային ինքնությունը, աշուղը պատասխանում է.
«Նրանց շատ է դուր գալիս մեր Յարխուշտա պարը, այն ավելի լավ է ընկալվում և ընդունվում, քան երբ մենք վրացական պարեր ենք պարում: Նրանք նշում են, որ մեր համույթը տարբերություն չի դնում հայկական և վրացական պարերի ու երգերի միջև, մեր պարացանկը բազմազան է: Ես կարծում եմ՝ դա է պատճառը, որ մենք նրանց կողմից սիրված ենք։ Սա ասում եմ առանց չափազանցնելու: Ինչ վերաբերում է նրան, որ սա հայկական համույթ է Վրաստանում… Եթե դու ունես հայի սիրտ ու հոգի, ու սիրում ես քո ժողովրդին, իսկ ես այնքան շատ եմ սիրում իմ ժողովրդին, որ 95% սերը բավականացնում է նաև վրաց ժողովրդին։ Այս սերը մեզ բավականություն է պատճառում մեր մշակույթը ցուցադրելու, դրա համար մեզ հաճույքով են ընդունում»,- ասում է Ալիկ Քսպոյանը։
Չնայած ձեռքբերումներին, «Ջավախք» պարային համույթը դժվարությունների ևս հանդիպում է.
«Մեր ունեցած դժվարությունները կապված են ֆինանսավորման հետ։ Ինչպես միշտ և ամենուր։ Այս տարի գրեթե բոլոր ծախսերը հոգացել են մեր երեխաների ծնողները։ Մեր քաղաքապետարանը հնարավորություն ունեցավ մեզ տրանսպորտով ապահովել, իսկ այստեղից մենք պետք է տրանսպորտ գտնենք, որպեսզի հետ դառնանք։ Հիմնական խնդիրը սա է, հիմա Ախալքալաքում բազմաթիվ այլ համույթներ են գործում, բոլորին պետք է ուշադրություն դարձնել, բոլորին օգնել, ֆինանսավորել։ Դա բարդ է ու անիրատեսական»,- ասում է նա։
Քսպոյանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է, պարգևատրվել է Վրաստանի, ՀՀ-ի, ՌԴ-ի բազմաթիվ մեդալներով: 2003թ. Հայհամերգի ու ՀՀ Արվեստի միջազգային կենտրոնի կողմից շնորհվել է «Արվեստի նվիրյալի» կոչում, 2012 թվականին արժանացել է Վրաստանի վաստակավոր մանկավարժի կոչմանը՝ պարգևատրվելով երկու շքանշանով, Հայաստանում պարգևատրվել է «Մովսես Խորենացի», «Կոմիտաս», «Սայաթ-Նովա», «Նաղաշ Հովնաթան» և «Ջիվանի» մեդալներով։ Աշուղը մշակույթի տանը բեմադրել է «Աղջկաս փեսացուները» պիեսը, այդ ներկայացումը ներկայացրել են ինչպես Նինոծմինդայում և Գյումրիում, այնպես էլ Երևանում և Թբիլիսիում:
Կարդացեք նաև՝
Աշուղ Ալիք Ջավախքի. «Ես խոսելուց առաջ երգել եմ»