Այսօր առավոտյան, ժամը 7-ին, ընդդիմությունը սկսել էր շրջափակել Վրաստանի խորհրդարանի շենքը: Ցույցը պարբերաբար ուղեկցվում էր ոստիկանության հետ բախումներով: Կան ձերբակալվածներ:

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, իրավաբանական հանձնաժողովը որոշում է կայացնելու Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների, ինչպես նաև նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկանոր Մելիայի լիազորությունների առումով, ուստի ընդդիմությունը վաղ առավոտվանից սկսել էր պիկետավորել խորհրդարանը:

Առավոտյան խորհրդարանի շենքի մոտակայքում կենտրոնացվել են մեծ թվով ոստիկաններ: Շենքի գլխավոր մուտքի մոտ տեղադրվել են մինչև երկու մետր բարձրությամբ մետաղական ցանկապատեր: Նախկինում Ներքին գործերի նախարարությունն արդեն շրջափակումների ժամանակ օգտագործել էր այս կոնստրուկցիաները:

Ցուցարարները գտնվել են բոլոր երեք մուտքերի մոտ: Նրանք հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակը խորհրդարանական մեծամասնության համար «առավելագույն անհարմարավետություն» ստեղծելն է և «Վրացական երազանքի» պատգամավորներին ամոթի միջանցքով դիմավորելը: Ցուցարարները մեղադրել են օրենսդիրներին իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի «ապօրինի հանձնարարականները» կատարելու մեջ:

Խորհրդարանի մուտքերը արգելափակելու պատճառով ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում: Ոստիկանության ներկայացուցիչները կոչ են արել ընդդիմության պատգամավորներին տեղափոխվել մայթեզր և իրենց բողոքն արտահայտել այդկերպ, սակայն, «Եվրոպական Վրաստան» -ի առաջնորդներից՝ Գիգա Բոկերիան նրանց բացատրել է, որ իրենք չեն պատրաստվում կանգնել մայթին, այլ արգելափակելով փողոցը, կփորձեն անհարմարություն առաջացնել «Վրացական երազանքի» պատգամավորներին:

Վերջնական արդյունքում, ոստիկանների կենդանի շղթայի ճնշման տակ միևնույն է հաջողվել է ցուցարարներին մղել դեպի մայթեզր:

Բողոքի ալիքը Վրաստանում չի դադարում նոյեմբերի 14-ից: Այդ օրը խորհրդարանը չկարողացավ կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում էին 2020 թվականից խորհրդարանական ընտրությունների խառը ընտրակարգից համամասնականին անցումը: