Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած հոմոֆոբ ակցիաների ընթացքում անկարգությունների գործով ևս ութ ձերբակալվածների: Այս մասին ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հինգ ձերբակալված մեղադրվում է մի խումբ անձանց կողմից անհանդուրժողականության հետևանքով բռնություն գործադրելու, ինչպես նաև «անհանդուրժողականության հիմքով` խտրականության այլ նշաններ պարունակող գործողություններով լրագրողների մասնագիտական գործունեությանն ապօրինի խոչընդոտելու» մեջ:
Հետաքննության համաձայն՝ մեղադրյալները հարձակվել են «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողների, Հանրային հեռարձակողի օպերատորի և «ԻնտերպրեսՆյուզ»-ի ֆոտոլրագրողի վրա:
Եվս երեք հոգի ներգրավված են ԼԳԲՏ իրավունքների ոլորտում աշխատող «Tbilisi Pride» հասարակական կազմակերպության գրասենյակի վրա հարձակման մեջ: Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից իրականացված բռնության մեջ:
Ինչպես նշվում է, կազմակերպված բռնության մեջ ներգրավված այլ անձանց հետ միասին «անհանդուրժողականության դրդապատճաժով» նրանք անօրինական կերպով ներխուժե են «Tbilisi Pride»-ի գրասենյակ, ապա ի ցույց բոլորի վնասել և ոչնչացրել են կազմակերպության գույքը:
Ոստիկանությունը նշված ութ անձանց բերման է ենթարկել 2021 թվականի հուլիսի 7-ին և 8-ին: Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները նախատեսում են չորսից վեց տարի ազատազրկում:
«Դատախազությունը կդիմի դատարան` մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամբ` օրենքով սահմանված ժամկետներում», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Թբիլիսիի ԼԳԲՏ-համայնքի հակառակորդների անկարգությունների գործով այս պահին մեղադրանք է առաջադրվել 16 անձի: Տուժածները 35-ն են, այդ թվում՝ 29 լրագրող ու հեռուստաօպերատոր:
Դատախազությունից հայտնում են, որ ոստիկանությունը շարունակում է «ակտիվ քննչական գործողությունները»` բացահայտելու «Tbilisi Pride»-ի դեմ բռնի գործողությունների և օրենքի խախտման մեջ ներգրավված այլ անձանց, ինչպես նաև կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ: