Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքը թարմացվել է և արդեն օժտված է էլեկտրոնային կառավարման նոր առաջադեմ հնարավորություններով: Բնակչությունը կարող է հարցեր հղել կամ առցանց տեղեկատվություն հայցել մունիցիպալիտետից, սակայն մարդիկ դեռ չգիտեն դրա մասին եւ չեն օգտվում դրանից:

Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքը՝ http://akhalkalaki.ge – ն, սկսել էր թարմացվել այս տարվա մարտից: Կայքի վրա աշխատում է երեք մարդ՝ հասարակության հետ կապի մասնագետը, թարգմանիչը եւ կայքի ադմինիստրատորը: Կայքը ստեղծվել էր դեռ անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին, սակայն համապատասխան աշխատողների պակասի պատճառով սկսել էր լրացվել ավելի ուշ: Կայքը երկլեզու է՝ վրացերեն- հայերեն:

Դրանից առաջ մունիցիպալիտետը նույն դոմենով պաշտոնական կայք ուներ, սակայն, ի տարբերություն նոր կայքի, այն ռուսերենով եւ վրացերենով էր, չուներ ինտերակտիվ հնարավորություններ եւ էլեկտրոնային կառավարում:

Նոր կայքը հնարավորություն ունի մեծացնել տառատեսակը եւ ավելացնել գունային ուժգնությունը՝ տեսողության խնդիրներով մարդկանց համար: Եվ ամենակարեւորը, կա հետադարձ կապի հնարավորություն: Այս հնարավորությունն այն մարդկանց համար է, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում գալ, մյուս կողմից էլ սա արագացնում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը:

«Եթե կա հետադարձ հասցե, ապա նրանք կարող են պատասխան ստանալ առցանց: Սա շատ լավ նախաձեռնություն է, հատկապես սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար », – ասում է կայքի կառավարիչ Արմեն Գրիգորյանը:

Սակրեբուլոյի եւ քաղաքապետարանի նորություններին կայքում կարելի է ծանոթանալ նաև առանձին: Բացի Սակրեբուլոյի եւ քաղաքապետարանի աշխատանքի մասին տեղեկությունների, կայքն ունի որոնման համակարգ, եղանակի տեսություն, Ախալքալաքի վերաբերյալ տարբեր տեղեկություններ, ինչպես նաեւ Ախալքալաքի հյուրանոցների հասցեները:

Կայքի աշխատանքը անբավարար է գնահատել «Տեղական ինքնակառավարման ինդեքս» ոչ կառավարական կազմակերպությունը, և Ախալքալաքի մունիցիպալիտետը թափանցիկությամբ հաշվետվությունում զբաղեցրել է վերջին տեղը:

Մունիցիպալիտետի քաղաքապետարանում բացատրեցին, որ պատճառը կայանում է նրանում, որ Ինդեքսի մոնիտորինգի ժամանակ կայքը դեռեւս չէր աշխատում եւ այն գործարկվել է վերջերս:

«Հավանաբար, այս խոսակցություններից եւ Ինդեքսի գնահատականից հետո մենք արդեն մեր կայքում կտեղադրենք մեր «Facebook» սոցիալական ցանցի հղումը, քանի որ ֆեյսբուքում մեզ շատ մարդիկ են հետևում: Կայքը գրեթե 70-80% -ով պատրաստ է: Չեմ կարող ասել, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, մենք աշխատում ենք: Մեզ համար ամենակարեւորը նորություններն են, իսկ մնացած լրացուցիչ ինֆորմացիան աստիճանաբար լրացնում ենք », – ասում է Արմեն Գրիգորյանը:

Մունիցիպալիտետի բնակչությունը դեռեւս տեղյակ չէ այս կայքի գոյության մասին, ինչպես նաեւ դրա հնարավորությունների մասին: Դա ցույց է տալիս Liveinternet կայքի հաշվիչը, ըստ որի, կեսօրին կայքը միայն 3-ից 5 այցելու ունի եւ մոտ 15 այցելություն:

Շուշան Շիրինյան