Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեն 15 տենդերներից տնտեսել է 324 622 լարի, որը կծախսվի այլ ենթակառուցվածքային աշխատանքների վրա։

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի տարբեր ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվել։ Դրանցից յուրաքանչյուրի համար տենդեր էր հայտարարվել՝ կապալառուին որոշելու համար։ Տենդերային սակարկումների արդյունքում ընկերությունները նվազեցնում են այն գինը, որի դիմաց կարող են իրականացնել աշխատանքները։ Արդյունքում բյուջեն խնայողություններ է ստանում։ Ենթակառուցվածքային 15 աշխատանքներից Ախալքալաքի բյուջեն խնայել է 324 622 լարի։

Որ տենդերից որքան է տնտեսվել.

1. Քաղաքապետարանի շենքի վերանորոգման առաջին փուլ՝ 15 118 լարի,

2. Ազատություն-Դարբինյան խաչմերուկի եկեղեցու պարսպի բարեկարգման տենդեր՝ 21444 լարի,

3. Ճավճավաձեի անվան փողոցի փոքր մարզադաշտի վերանորոգում՝ 10 332 լարի,

4. Թիվ 3 մանկապարտեզի վերանորոգում` 38 964 լարի,

5. Խավեթ գյուղի ճանապարհի բարեկարգում, խճապատում՝ 25999 լարի,

6. Օլավերդ գյուղի ջրամատակարարման կայանի վերականգնում` 21602 լարի,

7. Նախկին թիվ 1 զինվորական ավանի չորս շենքերի ջրատարի վերականգնում` 26 354 լարի,

8. Չունչխա գյուղի արարողությունների տան վերականգնում` 8494 լարի,

9. Ազատության փողոցում գտնվող Ջիվանու անվան պուրակի վերականգնում՝ 59 232 լարի,

10. Էխտիլա-Փոքր Սամսարի հիմնական ջրատարի վերականգնում` 4824 լարի,

11. Կիրովական գյուղում տաղավարի կառուցում՝ 3938 լարի,

12. Անասնաշուկայի վերականգնում՝ 4590 լարի,

13. Խաղահրապարակների կառուցում Խուլգումո և Մաջադիա գյուղերում՝ 1298 լարի,

14. Գյուղատնտեսական տեխնիկայի շենքի կառուցում՝ 64 434 լարի,

15. Գյուղական ճանապարհների վերականգնում, Թախչա, Կումուրդո, Կոկիո, Ազավրեթ գյուղերի ճանապարհների խճապատում` 17999 լարի։

Հարկ է նշել, որ տենդերներում գումարի 20% և ավելի նվազեցման դեպքում, կազմակերպությունները և ձեռնարկատերերը պետք է անկախ փորձագիտական կազմակերպությունից տեղեկանք ներկայացնեն այն մասին, որ կարող են շինարարությունն իրականացնել այդ գումարով առանց որակը փչացնելու։