Ախալքալաքում կրկին տարածվել է ապատեղեկատվություն: Վարորդները միմյանց պատմում են, որ 2001 թ. հետո թողարկված ավտոմեքենաները պարտավոր չեն ացնել տեխզննում: Այնուամենայնիվ, դա չի համապատասխանում իրականությանը, միայն 4 տարին չլրացած մեքենաներն են ազատվում տեխզննումից:

Ախալքալաքի «Green Way» տեխզննման սպասարկման կենտրոնի տնօրեն Մալխազ Նադիրաձեն նույնպես լսել է ապատեղեկատվության մասին:

«Տեղեկությունը, որ իբր 2001 թվականից հետո թողարկված ավտոմեքենաները տեխնիկական ստուգում չեն անցնելու, չի համապատասխանում իրականությանը», – ասում է Մալխազ Նադիրաձեն:

Մանրամասներ տրանսպորտային միջոցի տեխզննման մասին

Եթե ձեր մեքենան մինչև 4 տարեկան է, ապա տեխզննումը հարկավոր է անցնել թողարկումից հետո չորրորդ տարում: Եթե մեքենան 4-ից 8 տարեկան է, ապա երկու տարին մեկ անգամ, իսկ եթե այն 8 կամ ավելի տարեկան է, ապա տեխզննումը կատարվում է տարին մեկ անգամ:

Վերջերս տարածվել էր ապատեղեկատվություն, որ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում պարտադիր տեխզննումը չեղարկվելու է 2 տարով, ինչը նույնպես չի համապատասխանում ճշմարտությանը:

Որպեսզի հերթ չկանգնեք, Դուք կարող եք գրանցվել առցանց՝ www.pti.ge կայքում: Հենց այստեղ Դուք կարող եք նաև ընտրել համապատասխան տեխզննման կենտրոնը: Գրանցվելուց հետո Ձեր ներկայացրած հեռախոսահամարին կստանաք տեղեկություն, որտեղ նշված կլինի կենտրոնի ճշգրիտ հասցեն և պատվերի համարը:

Դուք կարող եք գրանցվել նաև հեռախոսով, անվճար զանգահարելով թեժ գիծ՝ 14-84: Թեժ գիծը չի գործում շաբաթ և կիրակի օրերին, սակայն մյուս օրերին կարող եք զանգահարել ժամը 9:00-ից մինչև 18:00-ն։

Մեկ մեքենայի տեխզննումը տևում է 15-ից 40 րոպե, կախված մեքենայից: Օրինակ, ավտոբուսները տեխզննումն անցնում են 35-40 րոպեում, միջին մեքենաները՝ 25-30 րոպեում, իսկ թեթև մարդատար մեքենաների համար անհրաժեշտ է 15-20 րոպե:

Նախքան տեխզննումն անցնելն անհրաժեշտ է ստուգել՝

1. Բոլոր արտաքին լուսավորության սարքավորումների սարքին լինելը

2. Սարքին պետք է լինեն մեքենայի ապակեմաքրիչները

3. Ձեռնարգելակը պետք է պատշաճ կերպով աշխատի

4. Անվադողերը չպետք է ճաղատ լինեն

5. Կեղտոտ ավտոմեքենաներին թույլ չեն տալիս անցնել տեխզննումը, հետևաբար պետք է հոգ տանել Ձեր մեքենայի արտաքին մաքրության մասին նախօրոք:

Բրատիսլավ Իգիթխանյան