Մարտի 26-ին Ջ.Կախիձեի անվան երաժշտական կենտրոնում տեղի ունեցավ ախալքալաքցի դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովայի մենահամերգը, իսկ մարտի 24-ին նա ելույթ էր ունեցել Փարիզի Մարսել Դասոյի պալատում՝ «Շանզ Էլիզե»-ում։
Թբիլիսիում իր մենահամերգին Անահիտը մաեստրո Դավիթ Մուկերիայի և Թբիլիսիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Լիստի 2-րդ կոնցերտը։
«Ուրախ էի համերգով ներկայանալ Վրաստանի գլխավոր բեմերից մեկում, հայտնի մաեստրոյի հետ: Սա իմ ամենաջերմ համերգներից էր, քանի որ ներկա էին իմ բոլոր դասընկերները, տնօրենն ու ուսուցիչներս, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանցից»,- ասաց Անահիտ Ստելմաշովան։
Մարտի 24-ին Փարիզի Մարսել Դասոյի պալատում տեղի ունեցավ համերգ ի պատիվ Միշել Սոնիի «SOS-Talents» հիմնադրամի 20-ամյակի։ Համերգին ներկա էին հիմնադրամի տարբեր տարիների կրթաթոշակառուներ Լիտվայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից և Վրաստանից։
«Երկու օր շուտ թռնելով, ես կրկին մասնակցեցի մաեստրոյի վարպետաց դասերին, համերգին մեզ ձայնագրեց ֆրանսիական «Classique» ռադիոն, հանդիպեցի շատ հայտնի մարդկանց, շատ հայտնի դաշնակահար Կիպրյեն Կացարիսի հետ, իսկ վերջում մեզ նվիրեցին հուշանվերներ։ Ես ուրախ էի կրկին անգամ ելույթ ունենալ հիմնադրամի կարևորագույն համերգներից մեկում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Էլիսո Բոլկվաձեին»,- ասաց Անահիտ Ստելմաշովան Jnews-ի հետ զրույցում։
Այն բանից հետո, երբ Անահիտի տաղանդը նկատվեց Ախալքալաքի երաժշտական դպրոցում և երաժշտական դպրոցների սաների համար նախատեսված տարբեր համերգների ժամանակ, նա սկսեց սովորել Եվգենի Միքելաձեի անվան Թբիլիսիի կենտրոնական երաժշտական քոլեջի Նինո Քաթամաձեի դասարանում: 16 տարեկանում նրան արդեն բախտ է հաջողվել նվագել աշխարհահռչակ բեմերում ու գրավել հանրության սիրտը։