Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում դեռևս չեն իրականացվել կորոնավիրուսի կանխարգելման ախտահանման աշխատանքներ: Այս հարցի վերաբերյալ որոշումը, թե ինչպես և ինչ կերպով է իրականացվելու Ախալքալաքի դպրոցներում ախտահանումը, կորոշվի քաղաքապետարանի այսօրվա մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի հետ նիստում:
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը հեռախոսազրույցի ժամանակ մեզ ասաց, որ մինչ այժմ մունիցիպալիտետի դպրոցներում դեռևս ախտահանման աշխատանքներ չեն իրականացվել, բայց դրանք, իհարկե, անպայման կիրականացվեն:
«Այսօր մենք քաղաքապետարանում հանդիպում ունենք ժամը 11-ին, և կորոշենք, թե ինչպես և ինչ կերպ ենք իրականացնելու ախտահանման աշխատանքները: Այս պահին մենք չունենք անհրաժեշտ սարքավորումներ», – ասաց Ավետիք Տոնականյանը:
Ախալքալաքի Կրթության ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանն ասաց, որ այսօր նրանք սպասում են ԿԳՆ-ի հանձնարարականին, ու այնուհետև որոշում կկայացնեն:
«Ախտահանումը դեռ չի իրականացվել, մենք սպասում ենք ԿԳ նախարարության հրամանին: Մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի այն, կամ նախարարությունը դա կանի, կամ դպրոցներն իրենք կիրականացնեն, կամ գուցե նրանք այդ պարտականությունները ստանձնեն Հանրային առողջապահության կենտրոնին», – ասաց Թերեզա Չիվչյանը: