Ազավրեթ գյուղի դպրոցում ուսման պրոցեսը ընթանում է 4 դասասենյակում երկու հերթափոխով, իսկ 5 դասարաններ անհայտ ժամկետով արձակուրդի մեջ են, քանի որ դպրոցի մնացած դասասենյակները ծայրահեղ վթարային վիճակում են, նույնիսկ տանիքը տեղ-տեղ փլվել է:

Ձմեռային արձակուրդների ժամանակ վթարային վիճակում գտնվող Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը (դպրոցը կառուցվել է 1957 թվականին) տեղ-տեղ փլուզվեց: Կրթության և գիտության նախարարությունից հունվարի կեսերին ժամանեց հանձնաժողով` գնահատելու համար իրավիճակը:

«Ուսման պրոցեսը պետք է վերականգնվեր ձմեռային արձակուրդներից հետո՝ հունվարի 15-ին, բայց մեզ մոտ, այս իրավիճակի պատճառով, նախարարի հրամանով հայտարարվել էր հարկադիր արձակուրդ մինչև փետրվարի 1-ը», – ասում է դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:

Դպրոցում սովորում է 216 աշակերտ, ընդհանուր 13 դասարան: Փետրվարին ուսման պրոցեսը դպրոցում վերականգնվեց, բայց հիմա դպրոց են հաճախում 1-ից- 5-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները, իսկ 6-րդ և 9-ից-12-րդ դասարանների աշակերտները չեն հաճախում դպրոց, քանի որ դպրոցի 9 տարածքներից 5-ը պիտանի չեն ուսման պրոցեսի համար:

«Հանձնաժողովը գնահատել է, ինչի արդյունքում մեզ թույլ է տրվել անցկացնել դասերը ընդամենը 4 դասասենյակում, որոնք մենք վերանորոգել ենք 1999 թվականին: Այդ սենյակներում, դասերը անցկացվում են երկու հերթափոխով, և կրթություն ստանալ հասցնում են դպրոցի 8 դասարաններ», – ասում է դպրոցի տնօրենը:

Որպես հարցի ժամանակավոր լուծում, Կրթության և գիտության նախարարությունը առաջարկել է ուղարկել մնացած դասարանների աշակերտներին Բուրնաշեթ գյուղի դպրոց, ընդ որում խոստանալով վարձել տրանսպորտի միջոց աշակերտների տեղափոխման համար, սակայն աշակերտների ծնողները չեն համաձայնվել, քանի որ համարել են այդ ճանապարհը վտանգավոր, իրենց երեխաների ամենօրյա երթևեկության համար:

Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը փնտրում է խնդրի լուծման ճանապարհներ, քանի որ Նախարարության կողմից խոստացված դպրոցի վերանորոգումը կիրականանա ոչ շուտ:

«Երևի թե ապրիլին կվերանորոգեն, իսկ մինչ այդ մտածում ենք տարբերակներ: Հնարավոր է հարմարեցնենք մարզադահլիճը, այնտեղ կարող են սովորել ևս երկու դասարան երկու հերթափոխով, ուղղակի մարզադահլիճը չունի դռներ, օրերս կկազմակերպենք, կտեղադրենք դռները: Կա նաև մեկ այլ դասասենյակ, որի համար մտածում ենք մի քիչ ամրացնել տանիքը սյուներով, սակայն չգիտեմ, դեռ մտածում ենք, ինչքանով կարող ենք դա իրականացնել»,- ասում է նա:

Դպրոցի անձնակազմը բաղկացած է 37 հոգուց` ուսուցիչներ ու այլ աշխատակիցներ: Ուսուցչանոցը, որտեղ այնուամենայնիվ հավաքվում են ուսուցիչները, նույնպես գտնվում է վթարային վիճակում:

«Ինչ անել, մենք այնուամենայնիվ այնտեղ ենք հավաքվում, վտանգավոր է իհարկե», – ասում է տնօրենը:

Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Նարցիս Կարապետյանի խոսքերով, դպրոցի վերանորոգումը նախատեսվում է այս տարվա ապրիլին:

Մինչ վթարային դպրոցի տանիքի մասնակի փլուզումը կար նաև դասասենյակների պակասի խնդիր, jnews.ge-ն գրել է այդ մասին, որ դպրոցը շենքի ընդլայնման կարիք ունի , բայց հիմա կարևորագույնն է, թե ինչպես գտնել միջոց վերականգնելու համար ուսման պրոցեսը աշակերտների համար, ովքեր մնացել են առանց դպրոցի: