Ինչի կբերի բիրտ ուժի կիրառումը: Երևանում ընթացող բողոքի ցույցի հնարավոր և անկանխատեսելի հետևանքները:

Վաղ առավոտյան 5:30-ի սահմաններում Երևանի ոստիկանությունը գործողությունների դիմեց: Երևանի բնակիչները բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ոստիկանությունը խաղաղ նստացույցը ցրելու ժամանակ ոչ միայն կոպիտ ուժի դիմեց, այլև ջրցան մեքենաների:Արդյունքում բազում ԶԼՄ-երի տեխնիկան ջարդված է, ոստիկանները առգրավել են լրագրողների նյութերը: Բազմաթիվ լրագրողներ և ցուցարարներ ձերբակալվեցին և տարվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Այս օրինակով Հայաստանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ չեն հանդուրժելու նույնիսկ խաղաղ անհամաձայնությունն իրենց որոշումների: Որոշումներ, որոնք հենց ցուցարարներին է վերաբերում:

Այս իրադարձությունները հերթական անգամ ակտիվություն առաջացրեց Հայաստանի հասարակությունում: Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկեցին իշխանության հրամանը կատարած ոստիկանության անմարդկային գոծողությունները: Շատ միջազգային լրատվամիջոցներ նշում են, որ ոստիկանության նման գործողությունները հղի են վտանգավոր հետևանքներով:

Քաղաքագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, այս գործողությունները սոցիալական բարդ իրավիճակի արտացոլանքն է Հայաստանում:
«Այսօր, Հայաստանում ընդդիմադիր դաշտը շատ պասիվ է: Իմ կարծիքով այս իրադարձությունները կակտիվացնի հասարակությանը, բայց ոչ մի հեղափոխություն չի կարող լինել: Իրավիճակը այդքան էլ կրիտիկական չէ: Չեմ կարծում, որ այդքան կբարդանա: Մեր հասարակության մեջ կա կուտակված բացասական էներգիա և դժգոհություն: Այդ էներգիան պետք է դուրս գա, ինչի ականատեսը եղանք այս օրերի ընթացքում: Շարունակություն կլինի, հնարավոր է ավելի համակարգված: Ինձ թվում է կմիավորվեն ընդդիմադիր քաղաքական գործիչները: Բայց, վերջիվերջո այս ամենն ուղղված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Արման Ղարիբյանի կարծիքով, ցուցարարների իրավունքները կպաշտպանվեն, եթե այսօր էլ նրանք շարունակեն նույն ոգևորությամբ խաղաղ ցույց անցկացնել:
«Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների հանդեպ, ավելի ուշ քրեական գործ է հարուցվել խուլիգանություն հոդվածով: Իրականում ոչ մի խուլիգանական գործողություն չի եղել, քաղաքացիները խաղաղ նստած էին, նույնիսկ հարգանքով վերաբերվեցին ոստիկանության պահանջին՝ լռություն պահպանել: Սրանից հետո ոստիկանությունն արդարանալու տեղ չունի: Ոստիկանությունն ի սկզբանե արգելեց քաղաքացիների ազատ տեղաշարժը դեպի Բաղրամյան պողոտա: Ինձ համար ակնհայտ է, որ մեր դատական համակարգը նման դեպքերում ի վիճակի չէ արդար որոշում կայացնել, երբ հաճախորդ է հանդիսանում երկրի բարձրագույն իշխանությունը»,- ասաց Արման Ղարիբյանը:

Քաղաքագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, անցած գիշերվա գործողությունները ուսանելի կլինի Հայաստանի իշխանությունների համար:
«Չեմ մտածում, որ իշխանությունն իր որոշումից հետ կկանգնի, բայց երեկվան գործողությունները ուսանելի կլինի նրանց համար: Երևում է, որ ներքաղաքական իրավիճակն այնքան էլ, նպաստավոր չէ: Եվ յուրաքանչյուր սխալ քայլ բացասական հետևանքներ կարող է ունենալ իշխանությունների համար: Ինչքան էլ իշխանական գործիչները փորձեն ցույց տալ, որ մեղավորը ռուսական ընկերությունն է, միևնույն է երիտասարդների քննադատությունն ուղղված է իշխանությանը: Այսօրվա ակտիվությունից պարզ կերևա, թե ինչ հետևանքներ կունենա գիշերվա գործուղությունները: Մյուս կողմից էլ, եթե այս թանկացմանը հաջորդի՝ գազի, տրանսպորտի և այլնի թանկացումը, ապա սպասելի է ավելի բուռն ռեակցիա: Ինչը կունենա ավելի վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներ»,- մեկնաբանեց Ջոնի Մելիքյանը:

Լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Արման Ղարիբյանի կարծիքով միջազգային կազմակերպություններից արձագանքներ դեռ կլինեն: Սակայն Ջոնի Մելիքյանի պնդմամբ՝ միջազգային կազմակերպությունների արձագանքը զուսպ կլինի:

Ցույցի ժամանակ վնասվածքներ են ստացել և ձերբակալվել են բազմաթիվ լրագրողներ:
«Եթե լրագրողների և ցուցարարների կողմից կլինեն դատական հայցեր՝ մարդու իրավունքների խախտման մասով: Բայց պետք է հաշվի առնել, որ ցույցը արտոնված չէր: Ժամանակ պետք է անցնի: Արձագանքը պետք է ինչ-որ բանով հիմնավորված լինի: Ավելի քան 240 մարդու ձերբակալել են: Եթե բոլորին ազատ արձակեն, ապա արձագանքը կարող է այլ լինել»,- ասաց նա:

Արման Ղարիբյանը հաստատում է: «Շուտով բռնության ենթարկված լրագրողները հանդես կգան մամլո ասուլիսով և ամեն ինչ կպատմեն: Մտածում եմ, որ իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին քանի որ իրականում վախենում են ազատ և անկախ քաղաքացիներից, ովքեր չեն հանդուրժելու իրենց անօրինական որոշումները»,- ասաց լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Արման Ղարիբյանը:

Այսօր ցուցարարների բողոքը նոր թափ է ստացել: Հայաստանի իշխանությունների կողմից բռնի ուժի կիրառումը ավելացրեց ցուցարարների քանակը:

Քրիստինե Մարաբյան