Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային և օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը», — ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:

Նշենք, որ սահմանափակումը չի վերաբերվում Ռուսաստանի Դաշնությունից Վրաստանով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին: Նրանք ևս կարող են ազատ մուտք գործել Հայաստան:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա Հայաստանի և Վրաստանի միջև բեռնափոխադրումներ կշարունակվեն բնականոն ընթացքով:

Aliq.ge