Այսօր Երևանում, Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» համապետական հանրահավաք է հրավիրել:

17 քաղաքական ուժերի պահանջը նույնն է` վարչապետի հրաժարականը: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվելու են, քննարկեն առաջիկա անելիքները:

Այսօր իր ելույթում Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ գործող իշխանությունները ձերբակալում են երկրին նվիրված ազնիվ մարդկանց` ի դեմս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի:

«Այսպիսի պետությունո՞ւմ էինք մենք ուզում ապրել», – հարցրել է նա, ապա անդրադարձավ տնտեսությանը` նկատելով, որ ողբալի վիճակ է, իսկ կոռուպցիան էլ ամենևին չի վերացել:

«Հարց է առաջանում` կարո՞ղ ենք այս վիճակից դուրս գալ: Այո, իսկապես կարող ենք, մենք ուժեղ ենք և կկարողանանք այս վիճակից դուրս գալ, բայց այս վիճակից դուրս գալու համար կա նախապայման` այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի, դրանից հետո նոր կսկսվեն այն իրական քայլերը, որոնք պետք է կատարվեն», – ասել է Մանուկյանը:

Ըստ նրա` պետք է բանակն արագորեն վերակառուցել, խոշոր կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, իսկ անվտանգությունը պիտի ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը:

Ինչ վերաբերում է ապագա անելիքներին, ապա շարժման վարչապետի թեկնածուն ընդգծեց` իշխանափոխության համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք. պետք է ձևավորվեն կոմիտեներ Հայաստանի ամբողջ տարածքում, անցկացնել գործադուլներ, ցույցեր:

«Պիտի համոզել ուժային կառույցներին ու թողնենք նահանջի ճանապարհ: Աշխատանք պետք է տարվի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հենարան պատգամավորների հետ: Բայց կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», – ասել է նա:

Հանրահավաքի ավարտից հետո ընդդիմադիր գործիչները հայտարարեցին, որ քայլերթ են իրականացնելու 4 ուղղությամբ, այժմ մի քանի փողոցներ փակ են:

Ավելի վաղ հայկական մամուլում լուրեր էին տարածվել, որ Հայաստանի 2-րդ և 3–րդ նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էին Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ Տեղեկություն կա, թե շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը գլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդդիմությունն ավելի վաղ որպես վարչապետի միասնական թեկնածու էր ներկայացրել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։