Նախապատրաստվել է կրթության ոլորտում բարեփոխումների փաթեթ, որը  կներկայացվի հանրությանը:

Վրաստանի կրթության նախարարության առաջնահերթությունը դպրոցների  անվտանգությունն է, այս ուղղությամբ աշխատանք է տարվում անընդհատ ռեժիմով: Այդ մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար ՄիխեյիլԲատիաշվիլին:

Հունվարի 18-ից Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կսկսի հանրությանը ներկայացնել նոր բարեփոխումները, որոնք կիրականացվեն կրթական համակարգում: Անվտանգությունը կլինի բարեփոխումների կարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը:

«Եթե դպրոցներում երեխաների անվտանգությունը ապահովված չլինի, անհնար կլինի խոսել կրթության նոր մոդելների ներմուծման մասին: Սա շատ կարեւոր հարց է: Այս առումով մենք ակտիվորեն  աշխատել ենք օտարերկրյա գործընկերների հետ, ներքին գործերի նախարարության հետ  եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում», – հայտարարել է Բատիաշվիլին:

Փորձագետները պատրաստել են կրթության բարեփոխումների փաթեթ, որը ներառում է բոլոր ուղղությունները, ներառյալ` անվտանգությունը:

Նախատեսված է՝ ենթակառուցվածքների զարգացում, նորարարությունների եւ տեխնոլոգիաների ներմուծում, համալսարաններին ֆինանսավորման նոր մոդելի ներմուծում:  Բարեփոխումները տեւելու են չորս տարի եւ նպատակաուղղված են՝ Վրաստանը վերածել կրթական կենտրոնի  եւ այն դարձնել տարածաշրջանում առաջատարը:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ նախարարությունը եռապատկել է բյուջեն՝ դպրոցների ենթակառուցվածքների թարմացման  համար:

«Մեր երեխաները չպետք է կրթություն ստանան այն պայմաններում, որոնք այժմ գոյություն ունեն դպրոցների որոշակի հատվածներում: Կարեւոր է, որ այս հարցում մենք լիարժեք աջակցություն ունենք կառավարության կողմից, քանի որ կրթությունը երկրի գերակայությունն է», – ընդգծել է Բատիաշվիլին:

Նախադպրոցական կրթության հիմքը կդառնա սաների անձնական զարգացումը,  նոր ուսումնական ծրագրերի ներդրումը, մանկավարժների վերապատրաստումը եւ ծնողների համար օժանդակ  էլեկտրոնային ռեսուրսների ստեղծումը, – նշել է նախարարը:

Բատիաշվիլին ասել է նաև  նոր դպրոցական մոդելի ներմուծման մասին, որի հիմնական խնդիրը կլինի աշակերտների կոմպլեքսային մտածողության զարգացումը: Նոր մոդելը նախատեսում է ուսուցիչների վերապատրաստում, նորացված ենթակառուցվածք եւ շատ ավելին: