Ախալքալաքի թիվ 2 ռուսական հանրային դպրոցում 2023-2024 ուսումնական տարվանից հայոց լեզու չի դասավանդվում, քանի որ ռուսական դպրոցի ուսումնական ծրագրում հայոց լեզուն չկա։ Սա հարուցել է որոշ ծնողների դժգոհությունը։ Դպրոցից պարզաբանում են, որ խնդիրը համակարգային է և կստանա լուծում։

Ախալքալաքի ռուսական դպրոցում հայոց լեզուն դասավանդվում է 1994 թվականից։ Այն սովորում էին 5-ից 12-րդ դասարանների աշակերտները։ Առարկան չի դասավանդվում 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակից, այսինքն՝ սեպտեմբերից։ Ինչո՞ւ հենց այս տարի պարզվեց, որ ռուսական դպրոցներում հայոց լեզուն չի կարող դասավանդվել, դպրոցից մեզ չպարզաբանեցին։ Դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը Jnews-ին ասաց, որ դա պայմանավորված է ուսումնական ծրագրում առարկայի բացակայության պատճառով, սակայն իրենք արդեն նամակ են ուղարկել նախարարություն՝ խնդրին լուծում տալու համար։

«Նախկինում դասավանդվում էր ոչ թե ըստ ուսումնական պլանի, այլ ֆակուլտատիվ: Եթե առարկան ներառված չէ ուսումնական ծրագրում, դպրոցն իրավունք չունի այն դասավանդելու, ռուսերեն դպրոցի ուսումնական ծրագրում հայոց լեզու չկա»,- մեկնաբանեց թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը:

Տնօրինությունn օգոստոս ամսին պաշտոնական գրություն է ուղարկել, հարցը, ինչպես նշեցին դպրոցից, լուծման փուլում է։

«Այս հարցը լուծելի է, նախարարությունn անպայման ուշադրություն կդարձնի սրան, ուղղակի մեկ օրվա խնդիր չէ, նրանք ուղիներ են փնտրում, որ ուսումնական պլանում փոփոխություններն այնպես անեն, որ ոչ մեկի համար խնդիր չառաջանա: Հարցը անպայման լուծվելու է հօգուտ դպրոցի, պարզապես ժամանակ է պետք»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, ըստ Անահիտի, ռուսերենն է ընտրվել որպես ազգային փոքրամասնությունների լեզու, քանի որ դպրոցում ուսուցումն իրականացվում է ռուսերենով, սակայն հետագայում այն հնարավոր չի եղել փոխել հայերենով։ Դպրոցում որպես առաջին օտար լեզու դասավանդվում է անգլերենը։

«Ե՛վ հայկական, և՛ վրացական դպրոցները կարող են ընտրել ռուսերենը որպես երկրորդ օտար լեզու, սակայն մեզ մոտ ռուսերենն արդեն ընտրվել է որպես ազգային փոքրամասնությունների լեզու: Հայոց լեզուն որպես երկրորդ օտար լեզու չի դասավանդվում: Սա խնդիր է համակարգում»։ հավելեց Անահիտ Աբգարյանը։

Նշենք, որ Ախալքալաքի հայկական դպրոցներում ռուսերենը դասավանդվում է։ Այնտեղ հայերենը համարվում է էթնիկ փոքրամասնությունների լեզու, անգլերենը առաջին օտար լեզուն է, իսկ ռուսերենը՝ երկրորդ օտար լեզուն։

«Ռուսաց լեզուն դասավանդվում է 5-ից 12-րդ դասարաններում, առաջին օտար լեզուն անգլերենն է, երկրորդը՝ ռուսերենը: Առարկան դասավանդվում է ոչ ֆակուլտատիվ, մեզ մոտ այն ներառված է ծրագրում, մենք դասավանդում ենք որպես երկրորդ օտար լեզու»,- մեկնաբանում է Դեմիրճյանի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը:

Այս դպրոցում ռուսերենը դասավանդվում է շաբաթական 1 ժամ։

Համաձայն «Ազգային ուսումնական պլանը հաստատելու մասին» հրամանի՝ 5-12-րդ դասարանների ոչ վրացալեզու դպրոցներում լեզվային դասավանդման ժամերի բաշխումը հետևյալն է.

3-5 ժամ էթնիկ փոքրամասնությունների լեզվի համար

3 ժամ առաջին օտար լեզվի համար

0-2 ժամ երկրորդ օտար լեզվի համար։

«Ազգային փոքրամասնությունների լեզվին հատկացվում է նվազագույնը՝ 3, առավելագույնը՝ 5 ժամ: Ավելին, եթե դպրոցը որոշել է 1 կամ 2 դասաժամ հատկացնել երկրորդ օտար լեզվի ուսուցմանը, ապա առավելագույնը 3 ժամ պետք է հատկացվի մայրենի լեզվի դասավանդմանը»,- ասվում է ծրագրին կից մեկնաբանության մեջ։