Ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարել պետական լեզվի իմացության նվազագույն շեմը։ Այս մասին նշված է Վրաստանում 2019-2021 թվականներին հանրակրթության կառավարման մոդելի ստուգումից հետո Պետական աուդիտի ծառայության զեկույցում, հայտնում է bm.ge-ն։
Պետական միջոցների անարդյունավետ գործածման օրինակ են բերվում վրացերենի քննությունների արդյունքները, որոնք դպրոցականները հանձնել են 2018 թ.-ին:
Սովորողների 78%-ը ձախողել է գրավոր հմտությունների նվազագույն շեմը, 57%-ը և 69,6%-ը՝ կարդալու և խոսելու հմտությունների շեմը, իսկ գրեթե 48%-ը տապալել են լսողության թեստերը:
Պետական աուդիտը նշում է, որ գործող ֆինանսավորման մոդելը չի նախատեսում դպրոցականների արդյունքների գնահատում։ Ավելին, կառավարությունը հետազոտություն չի իրականացնում ոչ վրացալեզու ոլորտի կարիքները պարզելու համար։
Էթնիկ փոքրամասնությունների ընտանիքների երեխաների համար, ըստ աուդիտի, գործում է մոտ 300 ոչ վրացալեզու հանրային դպրոց և սեկտոր (դպրոցների ընդհանուր թվի 14%-ը), ինչը համաչափ է աշակերտների թվին. դա 52 հազարն է կամ ընդհանուր թվի 10%-ը։