Ջավախքում մինչև օրս արդիական է մնում լեզվական բարիերը, որը երբեմն սկիզբ է առնում մասնագետների սակավությունից, սակայն վերջին շրջանում արդիական է երկլեզու կրթության մոդելը, որը արդյունավետ աշխատելու դեպքում կարող է խնդրի որոշակի լուծման հանգեցնել:
Երկլեզու կրթական ծրագրի նպատակն է պատրաստել տարրական դպրոցի առարկայական խմբի ուսուցիչ, ով գերազանց տիրապետում է I-IV դասարանների մայրենի լեզվին (հայերեն/ադրբեջաներեն), վրացերենին՝ որպես երկրորդ լեզու, մաթեմատիկա, բնագիտություն և հասարակագիտություն առարկաներին:
Այս մասնագիտությունն ընտրելուց ու ուսումնասիրելուց հետո շրջանավարտները կտիրապետեն բազմալեզու կրթության ոլորտին հատուկ ռազմավարություններին, տեխնիկաներին, մեթոդներին և պատշաճ կերպով կկիրառեն ինտեգրված լեզվի և առարկայի դասավանդման մոտեցումը՝ ուսուցման գործընթացում:
Դասավանդման գործընթացում կձևավորվի և կարտացոլվի շրջանավարտի ազատական աշխարհահայացքը, ազգային և համամարդկային արժեքները, ինչպես նաև ձեռք կբերվի մտավոր, բարոյական և մշակութային կարողություններ:
Այս մասնագիտությամբ սովորող ուսանողը ոչ միայն կկարողանա աշխատել ոչ վրացական հանրակրթական և մասնավոր դպրոցներում, այլև շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել նաև կրթական պետական և ոչ կառավարական հատվածներում:
Jnews-ը զրուցել է ԹՊՀ-ում սովորող ուսանողներից մեկի հետ, ով մասնագիտանում է երկլեզու կրթության մեջ և ով իր հերթին նշում է, որ մասնագիտությունը իրենից ենթադրում է պատասխանատվության շատ մեծ զգացում, հատկապես մեր շրջանում կարևորելով վրաց լեզվի որակյալ ուսուցումը:
«Ես կարծում եմ, որ տարրական դասարանների ուսուցիչը հատուկ մասնագիտություն է, և այն ներառում է ամենօրյա քրտնաջան աշխատանք: Իմ ճանապարհի հենց սկզբում շատ դժվարություններ կային։ Ինքս ինձ համար հասկացա, որ դպրոցը միայն երեխաները չեն, որոնց հետ սիրում եմ աշխատել, այն հսկայական աշխատանք է (հաշվետվությունների պատրաստում, դասարանում կարգապահության պահպանում, տարբեր երեխաների զարգացման, նաև հաշմանդամություն ունեցող փոքրիկների հետ աշխատանքը)»:
Մեր այն հարցին, թե ի՞նչն է դրդել իրեն ընտրել այդ մասնագիտությունը և արդյո՞ք ցանկանում է մասնագիտալանուց հետո վերադառնալ հետ:
«Առաջին հերթին ուզում եմ նշել, որ այնտեղ ուր ես ապրում եմ, այդ դպրոցում չկան տարրական դասարանի մասնագետներ, ինչը շատ ցավալի է արձանագրել: Սովորելուց անմիջապես հետո իմ պարտքն եմ համարում վերադառանալ իմ ծննդավայր և իմ գիտելիքներն ու ուսուցման նոր մեթոդները կիրառել»:
Սոֆիան, ով նույնպես մասնագիտանում է երկլեզու կրթության ոլորտում, առանձնացնում է մի քանի խնդիր, որոնց բախվելով հստակ կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում:
«Երբ դպրոցահասակ էի, անցնում էինք տարբեր առարկաներ, սակայն դասերն ընթանում էին միայն հայերեն լեզվով, քանի որ ուսուցիչների մեծ մասը չէր տիրապետում վրացերենին, իսկ աշակերտներիս կողմից պահանջ չկար, քանզի այդ տարիքում չէինք գիտակցում վրացերենի իմացության կարևորությունը»:
Վերջինիս կարծիքով, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե դասերն անցկացվեն երկլեզու և համարում է, որ երկլեզու կրթությունը ապահովող մասնագետների կարիք մեր շրջանում շատ կա:
Լիդա Ալմասյան