Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է երդվի՝ ձեռքը դնելով Սահմանադրության վրա:

Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կերդվի եւ պաշտոնապես կսկսի պաշտոնավարել:

Երդման արարողությունը տեղի կունենա Թելավիում (Կախեթիի շրջան)՝ Էրեկլե երկրորդի պալատում: Արարողությունը կսկսվի Թբիլիսիի ժամանակով 15:00-ին եւ կտեւի 49 րոպե:

Նախկին արտգործնախարար եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրվեց որպես անկախ թեկնածու: Սակայն հաղթելու համար նրան օգնեց «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, որը պաշտոնապես աջակցություն հայտնեց Զուրաբիշվիլիին:

Զուրաբիշվիլիի օգտին քվեարկեցին Վրաստանի ավելի քան 1,1 միլիոն քաղաքացիներ, այսինքն, ընտրություններին մասնակցած ընտրողների ավելի քան 59,5 տոկոսը: Այսպիսով, երկրորդ փուլում նա շրջանցեց իր մրցակից Գրիգոլ Վաշաձեին, որը հանդիսանում է նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ:

Զուրաբիշվիլին երդմնակալությանը կներկայանա իր երեխաների հետ:

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ երդման արարողության ժամանակ, խորհրդանշական կերպով իշխանությունը կփոխանցի երկրի նորընտիր, հինգերորդ նախագահին:

Մարգվելաշվիլին կստանա զեկուցում՝ Վրաստանի զինված ուժերի հրամանատարի` զինված ուժերի արարողությանը պատրաստ լինելու մասին, իսկ երբ Զուրաբիշվիլին կհնչեցնի երդման խոսքերը, բանակն նրան կողջունի որպես նոր նախագահի եւ գլխավոր հրամանատարի:

Զուրաբիշվիլին կերդվի՝ ձեռքը դնելով Վրաստանի Սահմանադրության վրա, իսկ օրհներգից եւ ազգային դրոշը բարձրացնելուց հետո նա խոսքով կդիմի վրաց ժողովրդին իր առաջին ելույթով` պետության ղեկավարի պաշտոնում:

Զուրաբիշվիլին երկիրը կպաշտոնավարի մինչեւ 2024 թ. աշուն, այսինքն` վեց, այլ ոչ թե հինգ տարի, ինչպես նախատեսված էր մինչ այժմ: Սա նախատեսված է նորացված Սահմանադրությամբ:

Երդմնակալության արարողությանը ներկա կլինեն իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը եւ ավելի քան 50 երկրներից բարձրաստիճան հյուրեր: Նրանց թվում են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ այլք:

Արարողության ժամանակ բոլոր հյուրերը ստիպված կլինեն հոտնկայս մնալ: Ինչպես բացատրել է երդմնակալության հանձնախմբի ղեկավար Կախա Կախիշվիլին, պատմական իրադարձությանը մասնակցելու կամեցողների թիվն այնքան մեծ էր, որ նրանք ստիպված էին թողնել նստատեղեր միայն Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի, տարեցների եւ առողջական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար:

Երդմնակալությունը չի կարող անցնել առանց դիտարժան բաղադրիչի: Արարողության ժամանակ կնվագի զինվորական խումբը եւ ելույթ կունենան ժողովրդական համույթներ:

Թելավիում, երդմնակալության օրը տեղի կունենա «Ուժը միասնության մեջ է» ընդդիմության բողոքի ցույցը: Վաշաձեն, ով պարտվեց ընտրություններում Զուրաբիշվիլուն, հենց այս միավորման նախագահի թեկնածուն էր: