0Վրաստանն այսօր կմիանա «Երկրի ժամին»՝ ամենամյա մասշտաբային նախաձեռնությանը, որն անցկացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից:
Կլիմայական փոփոխությունների խնդրի վրա ուշադրություն հրավիրելուն ուղղված խորհրդանշական ակցիայի ընթացքում կազմակերպիչները խնդրում են մարդկանց մի ժամ էլեկտրաէներգիայից չօգտվել` տեղական ժամանակով 20: 30-ից 21: 30-ը:
Ավանդաբար Վրաստանում արշավին միանում են շարքային քաղաքացիները, ինչպես նաև երկրում հավատարմագրված պետական գերատեսչություններն ու դեսպանատները: Մայրաքաղաք Թբիլիսիի գլխավոր տեսարժան վայրերի լուսավորությունը մեկ ժամով մարվում է:
Համավարակի պատճառով արդեն երկրորդ անգամ «Երկրի ժամը» կանցկացվի միայն առցանց ռեժիմով: 2021 թվականի ակցիայի կարգախոսն է՝ #Connect2Earth: Ակցիայի մասին առաջարկվում է սոցիալական ցանցերում պատմել գրառումների և պատմությունների միջոցով՝ վերոնշյալ հեշթեգի ներքո:
«Երկրի ժամն» անցկացվում է ամեն տարի՝ մարտի վերջին կամ նախավերջին շաբաթ օրը, և կոչ է անում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, դպրոցներին, քաղաքապետարաններին, ձեռնարկություններին, մեկ ժամով անջատել լույսերը՝ կլիմայի փոփոխության, լույսի աղտոտման և այլ բնապահպանական թեմաների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար: Այսօրվա ակցիայով բոլորը, աշխարհի ցանկացած կետում, կարող են ցույց տալ իրենց մտահոգությունը բնական պաշարների սպառման ուղղությմաբ և «քվեարկել» առողջ Երկիր մոլորակի համար: