Վրաստանում մեկ միջին չափի իմերուլի (իմերեթյան) խաչապուրիի միջին արժեքը կազմում է 3,90 լարի, ինչը պատմական առավելագույնն է համարվում:
Ամենամսյա ազգային «Խաչապուրիի ինդեքսը» տպագրվում է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտական միջազգային դպրոցի (International School of Economics at Tbilisi State University, ISET) կողմից: Ուսումնասիրությունը ISET-ին թույլ է տալիս գնահատել պարենային ապրանքների գների աճի դինամիկան Վրաստանի տարբեր քաղաքներում:
Ինչպես նշվում է, անցած ամիս Ինդեքսը ոչ միայն շարունակել է աճի միտումը, որը սկսվել էր 2019 թվականի մայիսին, այլև «մեծ թռիչք է կատարել»: Այսպիսով, սեպտեմբերի համեմատ խաչապուրիի թխման արժեքն աճել է 6,6%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 8,6%-ով:
ISET-ում ռեկորդային գնի բարձրացումը բացատրում են խաչապուրիի բոլոր բաղադրիչների բարձր գներով:
«Պանրի գինն աճել է 12,5%-ով, ալյուրինը` 6,6%-ով, կարագի, ձվի և կաթի գինը` 3,4%-ով, իսկ խմորիչի գինը` 0,1%-ով: Բացի այդ, տարվա այս ժամանակահատվածում թանկացման միտումը պայմանավորված է թարմ կաթի մատակարարումների սեզոնային անկմամբ, ինչը հանգեցնում է խաչապուրու ինդեքսի աճին», – ասվում է ուսումնասիրության մեջ:
Մեկ միջին խաչապուրի պատրաստելու գնի բարձրացման ևս մեկ պատճառն է վրացական ազգային տարադրամի արժեզրկումը: Ինչպես բացատրում են հեղինակները, Վրաստանում վերջին վեց ամիսների ընթացքում «չոր կաթի, կարագի և ալյուրի օգտագործմամբ պատրաստած խաչապուրիի ներկրված բաղադրիչների» արժեքն աճել է:
«Նույն ժամանակահատվածում [մայիս-հոկտեմբեր], լարին արժեզրկվել էր դոլարի նկատմամբ 12%-ով: 2019 թվականի հոկտեմբերին տարադրամի փոխանակման արժեքը հասել էր իր առավելագույն մակարդակին՝ միջին հաշվով այն կազմում էր 2,97 լարի մեկ դոլարի դիմաց: Վրաստանը ներմուծում է սպառողական սննդամթերքի կեսից ավելին, իսկ լարիի արժեզրկումը ազդում է ներմուծվող ապրանքների գների վրա», – նշում է ISET-ը:
Տնտեսագիտության միջազգային դպրոցը շեշտում է, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները ուղիղ համեմատական են սեպտեմբերին գնաճի ընդհանուր մակարդակին, որը ներկայացրել է Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:
«2019 թվականի սեպտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 6,4%-ով (տարվա կտրվածքով): Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են սննդամթերքները և ոչ ալկոհոլային խմիչքները (+ 11,7%), ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրանքները (+ 14,6%), ռեստորանները և հյուրանոցները (+ 6,7%), ժամանցը և մշակույթը (+ 6.9%)», – ասվում է ուսումնասիրության մեջ: