Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն Ախալքալաքում հանդիպել է «Վրաստանի հայրենասերների դաշինքի» տարածաշրջանային ակտիվիստների հետ:

Երեկ, հոկտեմբերի 17-ին, ժամը 14: 00-ին «Վրաստանի հայրենասերների դաշինքի» Ախալքալաքի գրասենյակում, խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Ճիճինաձեն հանդիպեց Ախալքալաքի բնակիչների հետ: Հանդիպմանը հիմնականում հավաքվել էին «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության ակտիվիստները, մոտ 25 մարդ: Զրույցը վարում էին Դավիթ Ճիճինաձեն, Թբիլիսցի հյուրը՝ գյուղտնտեսության նախարարության նախկին աշխատակից Գոչա Թոփուրաշվիլին, և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

Դավիթ Ճիճինաձեն հավաքվածներին բացատրեց բանկերի գործունեության սկզբունքն ու մեխանիզմները և բացատրեց, թե ինչպես են նրանք ժողովրդին սնանկացրել խոշոր վարկային տոկոսադրույքներով: Նրա խոսքերով, բանկերը միշտ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ անձն արդեն տուժված է և ամենայն հավանականությամբ կկորցնի իր բնակարանը:

Հանդիպման ընթացքում քննարկված երկրորդ հարցը գյուղատնտեսությունն էր: Մարդիկ կարտոֆիլ իրացնելու, դրա ներմուծման, հողատարածքների գրանցման վերաբերյալ հարցեր հղեցին, սակայն սպառիչ պատասխան չստացան:

«Բանկերը վարկերը տրամադրում են ոչ թե գործարարության, այլև գույքի համաձայն: Անհրաժեշտ է արգելել բանկերին զբաղվել բիզնեսով: Ես եկել եմ այստեղ, որպիսի ավելին իմանամ, հիմա բերքահավաքի սեզոնն է, և ուզում եմ իմանալ, թե ինչ խնդիրներ կան իրացման հետ կապված, քանի որ բոլորն էլ ունեն վարկեր, ու արդեն բանկերում վարկերը մարելու ժամկետն է: Որպեսզի այս ուղղությամբ որևէ խնդիր չառաջանա այս ամենը պետք է հասցնել կենտրոնական իշխանություններին », – ասաց Դավիթ Ճիճինաձեն:

Թեև Դավիթ Ճիճինաձեն ասաց, որ այսօրվա հանդիպումը կապված չէ քաղաքականության հետ, սակայն հանդիպումն առանց քաղաքականության չանցավ:

«Ես քաղաքական գործիչ եմ, առանց դրա անհնար է: Հիմա, ինչ գոյություն ունի, քաղաքականության խնդիրն է: Այս ուղղությամբ քաղաքականությունը պետք է փոխվի, և ես կարծում եմ, որ վաղաժամկետ ընտրություններն արդեն օրակարգում են ու ամեն օր ավելի ու ավելի է խորանում: Եվ ես կարծում եմ, որ գարնանը մեր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն, քանի որ նախագահական ընտրությունները չեն լուծի այդ խնդիրները, քանի որ թեկնածուները խոսում են այն խնդիրների մասին, որոնք իրենց իրավասության մեջ չեն », – ասաց Դավիթ Ճիճինաձեն:

Ինչ վերաբերում է թեկնածուներին մասին իր կարծիքին և «Վրացական երազանքի» շարքերից դուրս գալուն, ապա նա պատասխանեց հետեւյալը.

«Ես, անկեղծ ասած, այդ թեկնածուների մեջ ոչ ոքի արժանի չեմ տեսնում, ով կարողանար կոչվել Վրաստանի նախագահ: Ինչ վերաբերում է հեռանալուն, այսօր իմ տեսակետները չեն համընկնում «Երազանքի» տեսակետների հետ, կարծում եմ, որ նրանք ետ են մնացել և սխալ են զարգացնում երկիրը », – ասաց Դավիթ Ճիճինաձեն:

Շուշան Շիրինյան