Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած Վրաստանի կառավարության դեմ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու համար ընդդիմությանը պակասում է չորս ձայն: Այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության գլխավոր քարտուղար Պաատա Մանջգալաձեն:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կարող է առաջ քաշել առնվազն 50 պատգամավոր: Միևնույն ժամանակ, նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին: Որպեսզի անվստահություն հայտնելու ընթացակարգն ավարտվի, խորհրդարանը պետք է իր վստահությունն արտահայտի նոր կառավարությանը:
«Մենք նախաձեռնել ենք անվստահության ընթացակարգի մասին հայտարարում, բայց «Ռազմավարություն Աղմաշենեբելին» այնքան էլ հզոր չէ՝ 50 մարդ հավաքելու համար: Մի քանի քաղաքական խմբեր դիրքորոշում կձևաորեն այս հարցի շուրջ: Հենց 50 ստորագրություն ունենանք, մենք անմիջապես կսկսենք անվստահության հայնտելու համար քվեարկություն անցկացնելը», – հայտարարել է Մանջգալաձեն:
Նա հավելել է, որ տեսականորեն 50 ձայն մոբիլիզացնելը խնդիր չէ, բայց գործնականում դա շատ ավելի բարդ է: Ըստ Մանջգալաձեի, իմպիչմենտի նախաձեռնողներն արդեն ստացել են 46 ձայն. 32 ձայն «Ազգային շարժում» խմբակցությունից և յոթական «Լելո. Գործընկերություն Վրաստանի համար» և «Շառլ Միշելի բարեփոխումներ» խմբակցություններից:
Ընդդիմությանը պակասում է չորս ձայն` ընթացակարգը սկսելու համար, իսկ այն ավարտելու համար՝ 30:
«Այս պահին մենք ունենք 46 պատգամավորի համաձայնություն: Մնացածը մտածում են», – ընդգծել է Մանջգալաձեն:
Ընդդիմությունն ընդամենը 66 մանդատ ունի խորհրդարանում, բայց այս բոլոր պատգամավորները համաձայն չեն «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի նախաձեռնության հետ: «Գիրչի»-ի ներկայացուցիչները և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմի անդամները դեմ են դրան:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծում է, որ Ղարիբաշվիլիի հրաժարականի կողմնակիցների շանսերը 0-ին հավասար են, իսկ ընդդիմությունը անվստահության ընթացակարգով ոչնչի չի հասնի: