«Վրաստանը առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում պետք է շատ աշխատի, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է դառնալ ԵՄ թեկնածու», – ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը:
«Ես տեսնում եմ զարգացումը, տնտեսությունը վերելք է ապրում, անցա քաղաքով ու ակնհայտ էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսությունը զարգացել է, առաջընթաց է նկատվում», — ասել է Վարհեյը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը, և դա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլև ողջ քաղաքական էլիտայի համար։
«Այս դժվարությունների ժամանակաշրջանում, որոնց բախվում ենք աշխարհաքաղաքական ճնշման այս նոր իրավիճակում, Վրաստանը մեզ շատ հստակ ցույց տվեց, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի նպատակն է»,- ասել է Վարհեյը։
Նա հավելել է, որ որքան արագ Վրաստանը կատարի 12 առաջարկները, այնքան ավելի արագ Վրաստանի քաղաքացիները կստանան սպասվելիք առավելությունները։