Այս տարվա նոյեմբերի 18-ին «Երիտասարդական նախաձեռնություն ժողովրդավարության համար» ոչ պետական կազմակերպությունը իրականացրեց «Երիտասարդությունը հանուն ավելի լավ ապագայի» նախագծի երկրորդ փուլը: Ախալքալաքի բարձր դասարանցի 20 աշակերտներ այցելեցին Թբիլիսիի տարբեր ԲՈւՀ-եր և հանդիպեցին Ջավախքի ուսանողների հետ:

Ախալքալաքի հայկական և ռուսական դպրոցներից ընտրվեցին 20 դիմորդներ Թբիլիսի մեկնելու համար: Էքսկուրսիան սկսվեց Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան Պետական համալսարան այցով: Այնտեղ, աշակերտները ծանոթացան համալսարանի պատմությանը, ֆակուլտետներին, հիմնադիրներին, այցելեցին համալսարանի թանգարան և գրադարան:

Հետո երիտասարդները այցելեցին Իլյա Ճավճավաձեի համալսարան, որտեղ ներկայացվեց համալսարանն ու ներկայի ծրագրերը, ինչպես նաև կազմակերպվեց գրադարանային այց:

Ախալքալաքցի աշակերտները հանդիպեցին նաև Թբիլիսիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Լևան Ջանգուլաշվիլիի հետ, ով ծանոթացրեց համալսարանի կրթական ծրագրերին և համալսարանի ենթակառուցվածքներին:

Մասնակիցները հանդիպեցին նաև Սամցխե-Ջավախքի ակտիվ ուսանողների հետ, ովքեր կիսվեցին Վրաստանի համալսարաններում սովորելու իրենց փորձով, առավելություններով ու դժվարություններով, որոնք ուղեկցվում են ուսանողական կյանքի ընթացքում:

Հիշեցնենք, որ այցը տեղի է ունեցել «1+4 Կրթական ծրագիր աջակցություն ազգային փոքրամասնություններին մատչելի ԲՈՒՀ-եր» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնություն ժողովրդավարության համար» ոչ պետական կազմակերպությունը: Նախագիծը ֆինանսավորում են World Vision Վրաստանը և «Քաղաքացիական զարգացման ինստիտուտը»:

Քրիստինե Մարաբյան