Մինչ կորոնավիրուսի ի հայտ գալն ու տարածումը, Ջավախքում զբոսաշրջիկների թիվն աստիճանաբար ավելանում էր, ծրագրվում էին ամրոցների վերականգնողական և պահպանողական աշխատանքներ, հասարակական կազմակերպությունները լծվել էին տուրիզմի զարգացման գործին, բայց համավարակն ամեն ինչ ձախողեց:

Բազմիցս ասվել է այն մասին, որ Ջավախքը լճերի, չհետազոտված բերդ-ամրոցների, եկեղեցիների, մատուռների տարածաշրջան է: Զբոսաշրջության զարգացումը համարվում է այս շրջանի առաջնահերթություններից մեկը: Այնուամենայնիվ, գործնականում Ջավախքն այս փուլում այն վայրերից չէ, որտեղ որևէ բան է արվում զբոսաշրջության ուղղությամբ, ավելի զարգացած տուրիստական ենթակառուցվածք և ծառայություններ ունենալու համար:

Ախալքալաքում հիմնականում զբոսաշրջիկների կարելի էր հանդիպել կամ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու թեմին կից թանգարանում, կամ Ջավախքի ազգային պարկում: Համավարակի պայմաններում այնտեղ նույնպես այցելուներ այլևս չկան:

Տեղի մշակութային հուշարձանների սառեցված վերականգնումը

Ախալքալաքի բերդը կարող է դառնալ զբոսաշրջիկների համար գրավիչ վայր, ինչպես Ախալցիխեի Ռաբաթը: Բայց պահպանման և վերականգնման աշխատանքները, իսկ մինչ այդ էլ պլանավորված պեղումները և հետազոտությունները չսկսված դադարեցվել են: COVID-19-ի պատճառով աշխատանքները հետաձգվել են անորոշ ժամանակով:

«Մեկ տարի առաջ մենք նախատեսում էինք մաքրել Ախալքալաքի բերդը, սակայն համավարակի և դրա հետ կապված ֆինանսական խնդիրների պատճառով, արդեն երկրորդ եռամսյակում միջոցներ չկային: Ենթադրում եմ, որ այս աշխատանքները եւս մեկ անգամ կհետաձգվեն մինչ հաջորդ տարի», – ասում է Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Բեքա Բարամիձեն:

Գումբուրդո գյուղը, որտեղ վերականգնվում է մայր տաճարը, պետք է դառնար ևս մեկ զբոսաշրջային ուղղություն: 2015-ին Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը մշակել էր «մշակութային լանդշաֆտի» զարգացման ծրագիր, որը նախատեսում էր նաև մշակութային ժառանգության պահպանումը և զարգացումը: Ծրագիրն ընդգրկում էր Ախալքալաքի շրջանի հինգ գյուղերը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ստեղծել նոր ենթակառուցվածքներ՝ Վարձիայից մինչև Գումբուրդո:

«Գումբուրդոյում դեռևս ընթանում են վերականգնման աշխատանքներ: Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, բայց ապագայում մենք Վարձիան կդիտարկենք մշակութային ժառանգության լանդշաֆտային հուշարձանի համալիրում: Այս բարդ լանդշաֆտում կարելի է քննարկել նաև Գումբուրդոյի մայր տաճարը: Արտասահմանցի մասնագետները աշխատում են զարգացման ծրագրի վրա»:

Բեքա Բարամիձեն բացատրում է, որ կորոնավիրուսը արմատապես փոխել է Գործակալության նախատեսված աշխատանքը, քանի որ եկամուտները կտրուկ նվազել են:

«Զբոսաշրջիկների հոսքը նվազել է, և, համապատասխանաբար, մեր եկամուտները նվազել են: Հաշվի առնելով, որ 2020-ին մենք ակնկալում էինք մոտ 7 000 000 լարի եկամուտ, սակայն դա կազմում էր ընդամենը 500 000 լարի: Այս միջոցները պլանավորված էին: Բացի բյուջետային միջոցներից, մենք նախատեսում էինք բավականի մեծ գումար օգտագործել տարբեր վերականգնողական ծրագրերի համար»:

COVID-19-ը և կրոնական տուրիզմը

Ախալքալաքում Սարգսյան փողոցը տարբերվում է մնացածներից: Այստեղ, սպիտակ երկհարկանի տան դիմաց անօթևան շների համար նախատեսված տնակ կա, կողքին նրանց համար շատրվան կա: Մի փոքր այն կողմ կեչիների և ուռենիների ծառաշարքն է, որի տակ կա փայտե տաղավար: Սպիտակ շենքը պատկանում է Ախալքալաքի ՎՈւԵ թեմին:

Վերջերս երկրորդ հարկում գտնվող հսկայական դահլիճում սկսվել է շինարարություն, որտեղ նախատեսվում է ընդլայնել թանգարանը:

Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի թանգարանի տնօրեն Նինո Մուրցխվալաձեն ասում է, որ նախագիծը ֆինանսավորվում էր LAG-ի (Ախալքալաքի տեղական զարգացման խմբի կողմից՝ ENPARD ծրագրի շրջանակներում) և Եվրամիության կողմից: Նրա խոսքով, սա տարածաշրջանում ամենամեծ սոցիալական նախագիծն է, որը նրանք ֆինանսավորում են:

Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի թանգարանը հիմնադրվել է գերաշնորհ Նիկոլոզի կողմից՝ 2012 թվականին։ Մենք արդեն կատարել ենք հիմնական (խմբ. ընդլայնման ուղղությամբ) աշխատանքը: 2019-ին մենք սկսել էինք կառուցել այս թանգարանը: Հետո համավարակ հայտարարվեց ամբողջ աշխարհում: Դժբախտաբար, մեզ մնում էր իրականացնել միայն աշխատանքի չնչին մասը, մենք չհասցրինք ավարտել հրջեջ աստիճանները: Քանի որ համավարակի պայմաններում ամեն ինչ թանկացել է, շինանյութերը նույնպես երկու-երեք անգամ թանկացել են: Այնուամենայնիվ, մենք պատրաստվում ենք շուտով սկսել: Եվ մենք շատ հետաքրքիր թանգարան կունենանք Ախալքալաքում»:

Նինոն պատմում է, որ կորոնավիրուսը ազդել է նաև այն զբոսաշրջիկների թվաքանակի վրա, ովքեր նախընտրում են կրոնական վայրերը: Նախքան կորոնավիրուսը, դրանք շատ էին:

«Մինչդեռ համավարակը օրական ավելի քան 100 մարդ էր ժամանում: Բացի թանգարանից, կա նաև Թուրինյան սավանի կրկնօրինակը, որը պահվում է մեկ այլ ցուցասենյակում, շատերն են գալիս տեսնելու այս կրկնօրինակը: Եվ, իհարկե, համավարակի պատճառով չկա նույնիսկ մեկ զբոսաշրջիկ: Ինչպես և բնորոշ է, արտերկրից ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս, քան տեղից»:

Եվս մեկ սառեցված մեկնարկ

Բացի ՎՈՒԵ-ի թեմի թանգարանից, LAG-ը ֆինանսավորել է մեկ այլ նախագիծ ևս, որն անմիջականորեն կապված է զբոսաշրջության հետ: «Travel Akhalkalaki»՝ զբոսաշրջության տեղեկատվական բազան դեռ չի հասցրել գումար աշխատել:

Travel Axalqalaq Travel Akhalkalaki գրասենյակը

«Travel Akhalkalaki»-ի հետաքրքիր ոճաբանական լուծումով գրասենյակն այս պահին փոշու մեջ է: Նրանք երկրար ամիսներ է չեն եկել այստեղ: Նախագիծը մեկնարկել էր 2020 թվականի հունվարին, մեկ ամիս անց Վրաստանը փակել էր զբոսաշրջիկների համար իր սահմանները:

«Իմ նախագիծը տեղեկատվական բազա է, որն անհրաժեշտ է զբոսաշրջությունը հանրամատչելի դարձնելու համար: Այնտեղ, որտեղ զբոսաշրջությունը նոր-նոր է սկսում զարգանալ, միանշանակ անհրաժեշտ է տեղեկատվական բազա, որը կօգնի ներդրողներին, ովքեր սկսում են զբաղվել այս ոլորտով… Հանրայնացումը հաջող էր անցնում, չնայած մենք ունեինք ռիսկեր», – ասում է նախագծի հեղինակ Շողիկ Ռաիսյանը:

Travel Հուշանվերներ տեղական սիմվոլներից

Նախագիծը գրելուց առաջ, լինելով LAG-ի անդամ, մասնագիտությամբ ճարտարապետ Շողիկ Ռաիսյանը զբոսաշրջության խմբի առաջնորդն էր: Հետազոտություններ կատարելուց և Ջավախքում զարգացման չորս ուղղություններն ընտրելուց հետո, LAG-ի անդամները եկել են այն եզրակացության, որ զբոսաշրջությունը կլինի այդ ուղղություններից մեկը:

«Հետո այդժամ ես հասկացա, որ մեզ տեղեկատվական բազա է անհրաժեշտ, քանի որ, ստեղծելով մեկ օբյեկտ, չէինք կարող լավ տպավորություն թողնել: Մեզ անհրաժեշտ էր այդ ամենը համադրել: Դա անհրաժեշտ էր: Այնքան զբոսաշրջային վայրեր կան, որոնք ես գիտեմ այստեղ, չնայած մենք կեսի մասին գաղափար անգամ չունենք, քանի որ դրանք չեն ուսումնասիրվել: Չէր կարելի այդպես թողնել: Ցուցադրման համար ես մունիցիպալիտետի ներսում վեց տուրիստական ուղղություններ եմ վերցրել: Մենք քարտեզներ ենք պատրաստել այս ուղղություններով: Արվել է մեծ աշխատանք, հետազոտություններ: Եվ վերջում ի՞նչ ստացվեց: Առցանց քարտեզ, որտեղ կան բոլոր տուրիստական վայրերը, հուշարձանները: Ենթադրվում էր նաև, որ կլինեն առցանց խորհրդատվություններ և բուկլետներ զբոսաշրջիկների համար»:

suvenir 1 Հուշանվերներ, որոնք զբոսաշրջիկները կարող են ձեռք բերել

Արդյունքում, ոչ անտարբեր մարդկանց, Ռուսաստանից եկած հայրենակիցների օգնությամբ գտնվեցին հուշանվերների ծեփակերտեր: «Travel Akhalkalaki»-ում իրենք են պատրաստում Ջավախքը նկարագրող կավե, փայտե հուշանվերներ, որոնք այժմ փոշու մեջ դրված են դարակները: Զբոսաշրջիկների համար գործում է նաև տեղեկատվական կայք՝ travelakhalkalaki.com:

«Եվ ամեն ինչ հենց այսպես էլ մնաց: Ես չկարողացա շարունակել աշխատել, բայց կարծում եմ, որ ինչ-որ քայլ արվել է, ոչ շատ մեծ, բայց արվել է», – ասում է Շողիկ Ռաիսյանը:

Շողիկը դիմել է ինչպես տեղական իշխանություններին, այնպես էլ նահանգապետարան` աջակցելու իր սոցիալական ծրագրին մինչև համավարակը վերջանա և շրջանում հայտնվեն զբոսաշրջիկներ: Օգնության այդպես էլ չի արժանացել:

Ջավախքի ազգային պարկը համավարակի ֆոնին

xozapini 4 Խոզապինի լիճը Կարծախ գյուղում

Ջավախքի բնակիչների մեծ մասը, ովքեր չեն ապրում Ջավախքի պահպանվող տարածքների մոտակայքում, չգիտեն, որ Ախալքալաքն ունի Ազգային պարկ, ինչպես նաև Այցելուների կենտրոն: Սրանք այն վայրերն են, որտեղ զբոսաշրջիկներն այցելում են:

«Մենք Ջավախքի պահպանվող տարածքներում վճարովի ծառայություններ ունենք: Կարծախի լճի մոտ կա քոթեջ, որոնք փակ են 2019-ի վերջից՝ կովիդի պատճառով: Մեր հիմնական եկամուտը սպորտային և սիրողական ձկնորսությունից ստացված եկամուտներն էին, ձկնորսները գալիս են Հայաստանից, հենց նրանք էին ձուկ որսում Կարծախի լճում, և սահմանները նրանց համար փակվել էին», – ասում է Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Մետրևելին:

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Խոզապինի լճի ափը դատարկ է: Տեղի ձկնորսներն այստեղ քիչ են գալիս: Թամազ Մետրևելին ասում է, որ միայն առանձին կառույցների ջանքերն ու գործողությունները բավարար չեն Ջավախքում զբոսաշրջության զարգացման համար: Անհրաժեշտ է համակարգված մոտեցում, որպեսզի իշխանությունները աշխատեն տուրիստական ենթակառուցվածքը, բնակչության կողմից զբոսաշրջիկների համար ծառայությունները զարգացնելու ուղղությամբ:

«Ջավախքի մուտքի մոտի» ռեստորանն աստիճանաբար վերադառնում է ակտիվ կյանքի

family corner 2

Գանձա գյուղի ռեստորանը

Նինոծմինդայից Ծալկա տանող ճանապարհին զբոսաշրջիկների համար նախատեսված ռեստորան կա, իսկ դրա երկրորդ հարկում` հյուրատուն: Դա Մարգարյանների ընտանեկան բիզնեսն է: Կորոնավիրուսից առաջ այս վայրում միշտ կարելի էր տեսնել զբոսաշրջիկների՝ համեղ տնական ուտեստներ վայելելիս:

«Ընտանեկան անկյունը», համավարակի ողջ ընթացքում, ինչպես նմանատիպ այլ հաստատությունները, փակ էր:

«Կորոնավիրուսի սկզբից ի վեր մեզ թույլ չի տրվել աշխատել, չնայած այն բանին, որ շատ զանգեր ունեինք: Իսկ հիմա արդեն կա նորմալ շարժ, այս պահին մեզ մոտ նստած են խմբեր՝ տարբեր տեղերից: Զբոսաշրջիկները շատացել են: Ակտիվությունը սկսվեց 20-ից (խմբ. մայիսի): Նույնիսկ փակ ժամերին մենք շատ զանգեր էինք ստանում, ամրագրումները տեղափոխում էին, այժմ հյուրերի ենք սպասում ԱՄՆ-ից և Մոսկվայից` 4-ին», – պատմում է ռեստորանի և հյուրատան սեփականատեր Սամվել Մարգարյանը:

Չնայած ամեն ինչին, նա չի բողոքում սահմանափակիչ միջոցառումներից:

«Այս ամբողջ ընթացքում մենք վճարել ենք կոմունալ ծառայությունների համար, ջեռուցման համակարգը չենք անջատել: Աշխատողներին վճարել ենք, պահել ենք մեծ շենքը, ուստի վնասը մեծ էր: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ընդհանրապես շահույթ չկար: Պետությունը տրամադրել է 300 լարի, մենք դիմել ենք հարկայինի միջոցով: Ինչ կարելի է անել, պետությունն ինքն էլ օգնության կարիք ուներ: Մենք չենք բողոքում: Ամեն ինչ լավ կլինի, հուսով եմ` կսկսենք աշխատել, կփոխհատուցենք կորուստները»:

Չաշխատելու ժամանակը Մարգարյանների ընտանիքն օգտագործել է պայմանները և ծառայությունները բարելավելու համար:

«Մենք արդեն ունենք քեմփինգ, մեզ մոտ պատվիրում են, և մենք նրանց համար սնունդ ենք պատրաստում լճի ափին: Մենք ճամբարային բոլոր հարմարություններն ունենք, և հնարավոր է թե՛ ուտել լճի ափին, թե՛ քնել, ինչ կամենաք: Նույնսիկ սարի վրա: Մենք ունենք բիո-զուգարան, շարժական ցնցուղ, դաշտային խոհանոց… Ես չեմ տեսնում այնպիսի բիզնես, որը շահավետ չլինի: Պարզապես պետք է ցանկանալ և աշխատել ամբողջ սրտով», – ասում է Սամվել Մարգարյանը:

Vid na syola Աբուլ լեռան տեսքը Ախալքալաքի բերդից

Տեղական իշխանությունները կարծում են, որ այստեղ զբոսաշրջություն չկա

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը նշում է, որ Ախալքալաքում տուրիզմ չկա, ուստի կորոնավիրուսը չէր կարող ազդել տնտեսության այս ոլորտի վրա:

«Ախալքալաքում մինչ կորոնավիրուսն էլ տուրիզմ չկար, ի տարբերություն Վրաստանի մնացած շրջանների: Մենք ունենք արգելոց, կային տարբեր նախագծեր, որոնք ֆինանսավորվում էին LAG-ի կողմից, մենք հույս ունեինք, որ այդ ծրագրերը կսկսեին աշխատել: Կոթելիայում կար մի նախագիծ (խմբ. հյուրատուն), Օլավերդում կար հյուրատուն: Ազգային պարկի առթիվ եկել էր փորձագետ: Նրանց վրդովեցրել էր այն փաստը, որ առանց էլեկտրաէներգիայի, ջրի նրանք քոթեջներ են կառուցել (խմբ. տնակներ Խոզապինի լճի մոտակայքում): Այնտեղ ոչ ոք գումար չի վճարի նման պայմաններում մնալու համար: Չկան տարրական պայմաններ», – ասում է Նաիրի Իրիցյանը:

Սակրեբուլոյի նախագահի խոսքով՝ Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից ոչ ոք օգնության համար չի դիմել: Դե ինքնուրույն էլ նրանք չեն կարող օգնել այս հարցում: Ծախսերի նման կետ բյուջեում չկա:

krepost1 Ախալքալաքի բերդը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը նույնպես կարծում է, որ կորոնավիրուսը չի կարող ազդել մի բան վրա, ինչը գոյություն չի ունեցել:

«Եթե ես ասեմ, որ կորոնավիրուսը ազդել է մշակույթի կամ սպորտի վրա, դա օբյեկտիվ կլինի: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա դա ինչպե՞ս կարող է ազդել գործնականում գոյություն չունեցող մի բանի վրա: Նրանք, ովքեր գալիս են, տարանցիկ զբոսաշրջիկներ են, մեկը եկել է Վարձիա է եկել, մեկը Վրաստանից գնում է Հայաստան, կամ հակառակը: Այսինքն՝ նրանք եկել են այլ օբյեկտներ տեսնելու կամ Ախալցիխեում Ռաբաթը տեսնելու նպատակով: Մենք վաղուց ենք խոսում այս մասին», – ասում է Վալերի Ստելմաշովը:

Ինչ վերաբերում է նահանգապետարանում զբոսաշրջության ուղղությամբ կատարվող աշխատանքներին, Ստելմաշովը կարծում է, որ գործը տեսական դատողությունից այն կողմ չի գնում:

«Սովորաբար ինչպես գումար են գտնում, անմիջապես թրեյնինգներ են անցկացնում: Թրեյնինգը լավ է, բայց լուծում չէ», – ասում է նա:

Վալերի Ստելմաշովն ասում է, որ արդյունքը կարելի է դիտարկել այնտեղ, որտեղ փող է ծախսվում: Նրա խոսքով՝ տեղական բյուջեից միջոցներ երբեք չեն հատկացվել զբոսաշրջության զարգացման համար: Հետեւաբար, այս ուղղությամբ արդյունք չկա:

Հունիսի 1-ից սահմանները զբոսաշրջիկների համար բացվել են: Այս տարի Վրաստանում նրանց թիվը շատ ավելին կլինի, քան նախորդ տարի: Թեև արդյո՞ք Ախալքալաքում զբոսաշրջության զարգացումը գոնե կարող է շարունակվել այն տեղից, որտեղ այն կանգ էր առել, թե՞ համավարակը հետ է մղել այս հարցը: Այս ամենը պարզ կդառնա տուրիստական սեզոնի բացման հետ մեկտեղ:

Քրիստինե Մարաբյան