Անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, ամորձատելու, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու, անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի ենթարկելու հարցն այս տարի ձգձգվել է մինչև սեպտեմբեր։ Մինչեւ այս տարվա դեկտեմբեր պետք է բռնվի 142 շուն, սակայն այսօրվա դրությամբ այդ պրոցեսը նույնիսկ չի սկսվել։
Ի սկզբանե շներին բռնելու մրցույթը շահել է «Դոգի Դոկ» ընկերությունը՝ 20789 լարիի չափով՝ սկզբնական 25986 լարիի պարագայում։ Մրցույթի համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսվում էր բռնել 142 անօթևան շուն։ Ընթացակարգերն ավարտելուց հետո շներին պետք է նույնականացնեին և հետ վերադարձնեին Ախալքալաք, կամ, անհրաժեշտության դեպքում, էֆթանազիայի ենթարկեին: Սակայն, ի վերջո, պայմանագիրը «Դոգի Դոկ» ընկերության հետ այդպես էլ չկնքվեց։ Բանն այն է, որ ընկերությունն առաջարկել է այս խնդրի լուծման մրցութային պայմաններից տարբեր մեթոդներ և խնդրել փոփոխություններ կատարել առկա մրցութային պահանջներում։ Այս մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
Արդյունքում, Ախալքալաքի մունիցիպալիտետի մրցութային հանձնաժողովը որոշել է չփոխել մրցույթի պայմանները, և «Դոգի Դոկ» ընկերությունը մեխանիկորեն դուրս է մնացել: Պայմանագիրն օգոստոսի 14-ին կնքվել է օզուրգեթցի անհատ ձեռներեց Գելա Նացվլիշվիլիի հետ՝ 25986 լարիի չափով։ Ախալքալաքի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի պահպանման վարչության Բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով, սեպտեմբերին կսկսվի անօթևան շների բռնման, ստերջացման, ամորձատման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, կամ անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ից: Նա նաև Jnews-ին հայտնեց, որ որևէ շուն դեռ չի ենթարկվել վերը նշված ընթացակարգին։
Նշենք, որ անօթևան շներին բռնելու հետաձգումը նպաստում է էլ ավելի մեծ բազմացմանն ու շների թվի ավելացմանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում անօթևան թափառող շների խնդիրը միշտ արդիական է։ Ախալքալաքի ՀԱԿ-ի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ հունվարի 1-ից օգոստոսի 15-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների վրա շան 84 հարձակում է գրանցվել։ Դրանցից միայն մեկ հարձակում է իրականացվել կատվի և առնետի կողմից, մյուս դեպքերում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչներն ենթարկվել են շների կողմից հարձակման: