Ախալքալաքի ագրարային շուկան վերանորոգված և կարգավորված է, սակայն շուկայի վաճառասեղանները կրկին դատարկվում են, իսկ շուկային հարակից տարածքները լի են վաճառողներով և գնորդներով:

Տարիներ շարունակ առևտրականները արդարանում էին, որ շուկան կարգավորված չէ, պայմանները վատն են: Այս հարցը լուծվեց: Անցյալ 2018 թ.-ի ամռանը, տեղական իշխանություններին հաջողվեց առևտուրը տեղափոխել ներս՝ շուկա, սակայն, այն ժամանակ Նալբանդյան փողոցում մնացին այն վաճառականները, որոնք վարձակալում կամ սեփական տարածք ունեն փողոցի այդ հատվածում: Նրանք իրենց վաճառասեղանները դնում էին մայթերին, բայց այսօր Նալբանդյան փողոցը կրկին լցված է առևտրական վաճառասեղաններով:

2

Շուկայի վաճառականները վճարում են առևտուր իրականացնելու համար հատկացված տեղի համար 1.5 լարի՝ մեկ մետրի դիմաց: Տեղի վճարը գանձվում է նաև շուկայից դուրս վաճառողներից:

1

Ախալքալաքի ագրարային շուկայի տնօրեն Արարատ Սահարյանի խոսքով, ոմանց իրենք թույլ չեն տալիս, իսկ ոմանք էլ իրենք են նախընտրում փողոցում առևտուր անել:

«Նալբանդյան փողոցում առևտրով զբաղվող վաճառականներից շատերը իրենք են դա ցանկանում, նրանց կարծիքով ավելի լավ է առևտրով զբաղվել իրենց խանութների առջև: Ոմանց մենք թույլ չենք տալիս շուկայի տարածքում առևտուր անել, եթե նրանց ապրանքը, մթերքը ցածրորակ է», – ասում է Արարատ Սահարյանը:

Ըստ շուկայի տնօրենի, նրանք ունեն մասնագետ, որը ստուգում է մթերքը, որպեսզի փչացած արտադրանքը չթողնի շուկա ներս բերել:

Առեւտրականներից ոչ ոք չցանկացավ մեկնաբանել իրենց շուկայից դուրս առևտրի ցանկության մասին: Բոլորն ասում են, որ համաձայն են մտնել շուկա, եթե մյուսներն էլ տեղափոխվեն: Եթե գոնե մեկը մնա, ոչ ոք չի տեղափոխվի: Նրանց կարծիքով փողոցներում վաճառասեղանները ավելի մատչելի են գնորդների համար:

Ըստ Արարատ Սահարյանի, շուկայում բոլոր վաճառողների համար բավարար տարածք կա:

Բրատիսլավ Իգիթխանյան