Բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին շատ երիտասարդներ բախվում են տարբեր խնդիրների։ Jnews-ը բազմիցս է անդրադարձել այդ ամենին, հիմնական բարդությունները կապված են լեզվական և ինտեգրացիոն խնդիրների հետ։ Երիտասարդների համար երբեմն բարդ է նաև մասնագիտական ընտրություն կատարելը, սակայն ընդունվածների մեծ մասին հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու բարեհաջող ավարտել համալսարանը։ Այնուհետև բախվում են աշխատանքային խնդիրների, որոնց հանդիպում են արդեն մասնագետ դարձած երիտասարդները:

Նարինե Զաքարյանը 2023 թվականին է ավարտել Թբիլիսիի պետական համալսարանի բիզնես և էկոնոմիկա ֆակուլտետի տուրիզմի բաժինը։ Նա այն եզակի մարդկանց շարքին է պատկանում, ով դպրոցական տարիներից արդեն հստակ իմացել է ո՞ւր ընդունվել և ինչո՞վ զբաղվել։ Նախնական կրթությունն ստացել է Հոկամի թիվ 2 հանրային հայկական դպրոցում, բայց նրա համար դժվարություն չի հանդիսացել վրաց լեզվին տիրապետելը, քանի որ ծնվել և մեծացել է մի միջավայրում, որտեղ կողք-կողքի ապրում են հայն ու վրացին։

Համալսարան ընդունվել է 2018 թվականին և բացարձակ գերազանցությամբ ավարտել այն։

«Տուրիզմն իմ մանկության երազանքների մասնագիտությունն է եղել։ Տուրիզմի նկատմամբ սերն իմ մեջ սերմանել է եղբայրս։ Հիշում եմ, երբ դեռ ինքն էր ուսանող միշտ հետաքրքրվում էի իր երկրորդ մասնագիտությամբ, քանզի ինձ միշտ հետաքրքրել է, թե ի՞նչ տեր ունի տուրիզմը պետության համար և ինչպես կարելի է տուրիզմը վերածել բիզնեսի»։

Այժմ Նարինեն սովորում է Իլիայի պետական համալսարանի բիզնես կառավարման մագիստրոսական ծրագրում, իսկ աշխատանքային փորձի մասին խոսելիս հիշում է համավարակը, որի ժամանակ էլ հենց սկսել է աշխատանքային փնտրտուքները:

«Ընդունվեցի Glovo-ի հայկական հաբ որպես օպերատոր, մի քանի ամիս այդտեղ եմ աշխատել։ Իսկ երբ համալսարանում դասերս առկա դարձան այդ ժամանակ ես աշխատանքից դուրս եկա։ Աշխատանքից հրաժարվելու պատճառներից ամենագլխավոր պատճառն այն կնշեմ, որ երկար ժամանակ տանը փակվելուց ես գերհոգնել էի ռոբոտային կյանքից, ինձ համար այդ փուլում շատ կարևեր էր ոչ վիրտուալ, պարզ ու մարդկային շփումները։ Թբիլիսի վերադառնալուն պես Վիրահայոց թեմի աջակցությամբ սկսեցի անցնել պրակտիկա Հովհանես Թումանյանի տուն-մշակույթային կենտրոնում»։

Այսօր Նարինեն մագիստրատուրայում սովորելու հետ մեկտեղ աշխատում է «Նավնե» խանութների ցանցում, որպես վաճառքի մասնագետ։ Երբ լրացրել է հայտը, պատկերացում անգամ չի ունեցել, որ գնում է իր երազանքների աշխատանքի հետևից։ Նարինեի համոզմամբ՝ եթե մարդ ընտրի ճիշտ մասնագիտություն, անպայման կունենա համապատասխան աշխատանք։ Միակ բարդությունն այն է, որ աշխատանքից հետո գնում է դասի, ինչի արդյունքում օրվա գրաֆիկը գերհագեցած է։

«Երբ պառկում եմ քնելու, զգում եմ, որ ես գոհ եմ ինձանից ու իմ կատարած ընտրությունից, իսկ դա ամեն ինչ իր տեղն է գցում»։

narine

Մեր մյուս հերոսուհին Մինա Շիրինյանն է, ով այս պահին աշխատում է Վրաստանի ազգային արխիվում: Ի տարբերություն Նարինեի, Մինան երկար ժամանակ է աշխատանք փնտերելու վրա վատնել։

Մինան բարձրագույն կրթությունն ստացել է ԹՊՀ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերենի բանասիրության բաժնում։ Այժմ սովորում է Ուսուցիչների վերապատրաստական 60 կրեդիտանի ծրագրում և այն համատեղում է աշխատանքի հետ: Մինան համալսարանն ավարտելուն պես սկսել է աշխատանք փնտրել իր մասնագիտությամբ, դիմել է տարբեր տեղեր, փորձել իրեն տարբեր ոլորտներում, տևական ժամանակ աշխատել է որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի և դասավանդել է մանկահասակ երեխաներին: Մեզ հետ զրույցում նա վստահեցնում է, որ համալսարանական դժվարություններին բախվելիս ուսանողների մեծ մասը չի էլ պատկերացնում, որ իրական բարդությունները սկսվում են ավարտելուց հետո, երբ քեզ համարում ես արդեն մասնագետ, բայց չես կարողանում աշխատանք գտնել և աշխատել քո մասնագիտությամբ:

«Մասնագիտական ընտրությունս մանկուց էի կատարել, միշտ հետաքրքրված եմ եղել օտար լեզուներով։ Գտնում եմ, որ տարբեր լեզուների իմացությունը մարդուն տալիս է լայն հնարավորություններ։ Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի մասնակցել ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, որպեսզի ավագ ուսուցչի կարգավիճակ ստանամ»:

Չնայած, որ Մինան այս պահին աշխատում է, միևնույն է շարունակում է վերապատրաստական կուրսն այն համոզմամբ, որ կկարողանա ժամանակի ընթացքում իր մասնագիտության մեջ խորանալ և հասնել այն ամենին, ինչի մասին երազում է:

mina 1