Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին, երկրի համար շատ կարեւոր են ինչպես քաղաքական, այնպես էլ կայունության ու զարգացման տեսանկյունից։ Ախալքալաքի մունիցիպալիտետում քաղաքական իրավիճակը հանգիստ է, ընդդիմադիր կուսակցություններն այնքան էլ ակտիվ չեն, իսկ իշխող կուսակցությունն արդեն սկսել է իր քարոզարշավը։ Ինչ են մտածում Ախալքալաքում առաջիկա ընտրությունների մասին՝ կարդացեք Jnews-ի նյութում։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Ոմանք այս ընտրությունները նույնացնում են հանրաքվեի հետ, որտեղ ընտրողները պետք է որոշեն, թե ինչպիսի Վրաստան են ուզում իրենց համար, ինչ ճանապարհով է գնալու երկիրը։ Ախալքալաքում այս փուլում «լռություն» է, ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես և նախկինում, պասիվ են։
Ախալքալաքի բնակիչները զուսպ են իրենց քաղաքական հայացքների արտահայտման մեջ: Մեջբերում ենք մի քանի մարդկանց կարծիքներ ընտրությունների կարևորության մասին։
Շորենա Թեթվաձե՝ Մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն։ Նա ընդգծում է բոլոր ընտրությունների կարևորությունը։
«Այս ընտրությունները շատ կարևոր են, և ոչ միայն այս, բոլոր ընտրություններն են կարևոր։ Հուսով եմ, մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, առայժմ ամեն ինչ հանգիստ է, լարվածություն չեմ զգում։ Դա, հավանաբար, կախված է տարածաշրջանից, կամ մեկ այլ բանից, ես չգիտեմ: Իմ ակնկալիքները կապված են ընդունված օրենքի հետ, որովհետեւ այն, ինչ անում ենք ու արել ենք, ամեն ինչ թափանցիկ է, հայտարարագիրը մենք ամբողջը լրացնում ենք»։
Ենոք Բաբաջանյան՝ ֆերմեր: Նա կարծում է, որ ընտրությունները որոշիչ են լինելու երկրի ապագայի համար, հատկապես Վրաստանի արտաքին տնտեսական քաղաքականության համատեքստում։
«Ցանկացած ընտրություններ ապագայի համար են, հուսով ենք, որ լավ կանցնեն, գլխավորն այս ընտրություններում այն է, որ պետությունը ցույց կտա իր ուղղությունը՝ Եվրոպա, թե Ռուսաստան։ Մեր ընդդիմությունը պասիվ է, Վրացական երազանքն աշխատում է, «Երազանքն» ավելի լավ է աշխատում, քան ընդդիմությունը։ Գյուղերում արդեն սկսել են աշխատել քարոզիչները։ Այս ընտրությունները կարևոր են նաև Հայաստանի համար, թե ինչ ճանապարհով կգնա Հայաստանը, կախված է Վրաստանից, եթե Վրաստանը չկարողանա մոտենալ Եվրամիությանը, ապա Հայաստանի համար դժվար կլինի»։
Վարազդատ Սալվարյան՝ ֆերմեր։ Նա կարեւորում է ընտրություններին մասնակցելը, չնայած այն հանգամանքին, որ ինքը քաղաքականությամբ այնքան էլ հետաքրքրված չէ։
«Հիմա բոլորը տեղեկատվություն են ստանում սոցցանցերից, յուրաքանչյուրն ինքն է ընտրում, երբ գնում է ձայն տալու։ Ես շատ չեմ խորանում քաղաքականության մեջ, բայց ընտրությունները կարևոր են, և պետությունը մեծ ընտանիք է, որտեղ դու ապրում ես»։
Ախալքալաքի ակտիվ քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, այսպես մեկնաբանեց.
«Պետությունը խելամիտ է մոտենում դրան, եթե մի մասը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, երբ կան օկուպացված տարածքներ, ապա Եվրոպան երբեք չի ընդունի, այնտեղ կան ընդունելու պայմաններ։ Իհարկե, մի քիչ երկար ժամանակ կպահանջվի, բայց լավ կլինի վերադարձնել այդ հողերը, հետո անդամակցել Եվրամիությանը։ Երիտասարդները պարզապես համբերություն չունեն: Կառավարությունը ստիպված էր, նա ընտրեց լավագույն տարբերակը, որպեսզի ապագայում Վրաստանը նույնպես բարգավաճի և լավ հարաբերությունների մեջ լինի իր բոլոր հարևանների հետ։ Այստեղ մի փոքր այլ է, մարդիկ քաղաքավարի են և միշտ համաձայնվում են: Այս օրենքը գործում է եվրոպական և ամերիկյան բոլոր երկրներում։ Եթե որևէ մեկին դուր չի գալիս այս օրենքը, թող առաջարկի օպտիմալ տարբերակը»: