Ախալքալաքի շրջանը գումար է հատկացրել քաղաքի անօթևան շների համար, որպեսզի նրանց բռնեն և տեղափոխեն Վրաստանում գոյություն ունեցող շների կացարաններ:

Ախալքալաքի շրջանում մի քանի տարի է արդիական է անօթևան շների խնդիրը: Նրանք քաղաքում են ամեն քայլափոխի և թափառում են խմբերով: Ժամանակ առ ժամանակ նրանց ակտիվությունը մեծանում է, և նրանք հաճախ հաչելով հարձակվում են մարդկանց վրա: Շատ բնակիչներ վախենում են քայլել քաղաքի այն մասերով, որտեղ հանդիպում են շներ:

Հասարակական առողջապահության կենտրոնի տվյալներով, այս տարի արձանագրվել է շան կողմից մարդուն կծելու 53 դեպք, որոնցից 15 մարդ կատաղության դեմ լիարժեք բուժում է ստացել:

Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի խոսքերով, քաղաքի վիճակը արդեն սարսափելի է:

«Քանի որ շատ բողոքներ ենք ստացել, մենք որոշեցինք միջոցներ ձեռնարկել, զրուցեցինք Շրջանային վարչության հետ, նրանք ընդառաջեցին մեզ և որոշեցին գումար հատկացնել քաղաքի փողոցներից անօթևան շներին հավաքելու համար», – ասում է Ավետ Տոնականյանը:

Տոնականյանի խոսքերով, իրավիճակը սրվեց այն բանից հետ, երբ շրջանային հիվանդանոցում կատաղության դեմ պատվաստումը դարձավ վճարովի, և ոչ բոլորն են դա անում: Վերջինս նաև չի բացառում այն փաստը, որ շների կողմից կծած մարդկանց քանակը կարող է ավելին լինել, պարզապես շատերը հիվանդանոց չեն դիմում:

«Մենք պատվաստանյութը տալիս ենք անվճար, բայց Առողջապահության նախարարության հրամանով հիվանդները պետք է վճարեն ծառայության համար: Դրա համար էլ ոչ բոլոր մարդիկ են դիմում, և գուցե իրականում իրավիճակը ավելի վատ է, չնայած այն ինչ մենք գիտենք, արդեն տպավորիչ է», – ասում է Ավետ Տոնականյանը:

Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցում շների կատաղության դեմ պատվաստումը արժե 11 լարի 20 թեթրի: Բժիշկների կարծիքով, պատվաստանյութը մարդուն բուժում է կծոցից` 100%-ով:

Ախալքալաքի Շրջանային վարչությունը արդեն քաղաքի փողոցներից անօթևան շների հավաքման համար հատկացրել է 30 000 լարի (ներառյալ ԱԱՀ)` 100 լարի մեկ շան հաշվով: Ըստ այդ տվյալների, քաղաքից պետք է հավաքվի շուրջ 300 անօթևան շուն: Շրջանային վարչությունը այսօր էլեկտրոնային մրցույթ կհայտարարի, որպեսզի ընկերությունը անօթևան շներին բռնի և տեղափոխի համապատասխան կացարան:

Ըստ պլանավորման մասնագետ Գարիկ Կալիվոնջյանի, քաղաքում շատ շներ կան, մոտ` 500:
«Գյուղից բերում են քաղաք ու բաց թողնում: Այդ պատճառով քաղաքում շները շատ են», – ասում է Գարիկ Կալիվոնջյանը:

Ճիշտ է, բոլոր անօթևան շներին հնարավոր չէ այդ ծրագրով բռնել և ապաստան տրամադրել, սակայն Ախալքալաքի շատ բնակիչներ կարող են ազատվել անօթևան շների հանդեպ ունեցած վախից:

Շուշան Շիրինյան