Ախալքալաքի շրջանի 5 գյուղերի զբոսաշրջության զարգացման համար քարտեզագրման աշխատանքներն ավարտվել են: Այսօր «Գեոգրաֆիկ» կենտոնի մասնագետները Ախալքալաքի Շրջանային ժողովին ներկայացրին իրենց կազմած քարտեզը:

Ախալքալաքի շրջանի Գոմբուրդո, Ափնիա, Խավեթ, Գոգաշեն և Դավնիա գյուղերի զբոսաշրջային զարգացման քարտեզը պատրաստ է: Այն կազմվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության պատվերով: Քարտեզագրման աշխատանքներն իրականացնում էր «Գեոգրաֆիկ» կենտրոնը սկսած սույն թվականի մարտ ամսից:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը համաձայնագիր է ստորագրել «Գեոգրաֆիկ» Կենտրոնի հետ «մշակութային լանդշաֆտ»-ի զարգացման ծրագրի մշակման մասին:

Տվյալ ուսումնասիրության մեջ հաշվի են առնվում բնակավայրերի տրանսպորտային ենթակառույցների, հաղորդակցման և զարգացման յուրահատկությունները: Արդեն պատրաստ է մշակութային օբյեկտների քարտեզագրումը, կազմվել է նաև մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի, գետերի և ջրամբարների պաշտպանության գործողությունների ծրագիրը:

«Այս ամենն իրականացվում է, որպեսզի մենք նախ իմանանք մեր զբոսաշրջային ներուժը և եթե հնարավորություն ունենանք հեշտությամբ կկարողանանք կառուցել: Այս փաստաթուղթը կոնկրետացնում է մեր աշխատանքը: Եթե ներդրողները հեշտությամբ կարող են զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնել: Տեղանքի ուսումնասիրությունը պատրաստ է»,- ասաց Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Նաիրի Իրիցյանը:

«Գեոգրաֆիկ» կենտրոնը 10 ամիս շարունակ Ախալքալաքի շրջանի 5 գյուղերի տեղանքի քարտեզագրում է իրականացրել: Հաջորդ քայլն այս գյուղերի զբոսաշրջային զարգացման ուղղությամբ պետք է իրականացնեն Ախալքալաքի շրջանայի վարչությունը էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Դեռևս հստակ չէ, արդյոք տվյալ ուսումնասիրությունից հետո կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկվեն Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման համար, քանզի ծրագրի իրականացման համար բավականին լուրջ ներդրում է անհրաժեշտ:

Աղունիկ Այվազյան