76-ամյա Գրիշա Տեփոյանը հայրենի Ալաստան գյուղից ոտքով հասել է մինչև Կրասնոդարի երկրամաս:

Մարտի 24-ից մինչ օրս, երբ Գրիշա Տեփոյանն Ախալքալաքից ոտքով ճանապարհ ընկավ դեպի Մոսկվա տեղեկություն չունեինք: Չնայած նրան, որ թոշակառուն մինչ ճանապարհ ընկնելը խոստացավ JNEWS-ի խմբագրությանը ժամանակ առ ժամանակ տեղեկացնել, թե ուր է հասել և ինչ վիճակում է գտնվում:

Կուբանի լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց միայնակ ճամփորդը, ում հագուստի վրա գրված է՝ «Հաղթանակի 70 տարիներ: Հիշում ենք 1941-1945 թթ.-ի զոհերին»:

11119459_876812252360753_1604739366_n

Կրասնոդարի լրատվականների տեսանյութերից մեկում Տեփոյանը խոստովանում է, որ ճանապարհի մի մասը՝ Վրաստանից մինչև Ռուսաստանի սահման հասել է ճանապարհին հանդիպած մեքենաներով: Կրասնոդար է հասել 11 օրվա ընթացքում, ոտքով հաղթահարելով 550 կմ տարածություն:

«Խոստովանում եմ ռուս-վրացական սահման ինձ հասցրել է մի վարորդ: Այդ ճանապարհը շատ դժվարանցանելի է, հիմնականում սարեր են: Երբ սահմանն անցա շտապեցի քայլել: Ամեն օր 12 ժամում քայլում եմ 60 կմ: Բարեկամներս անհանգստանում են իմ առողջության համար, բայց ճնշումս 120/70 է: Ես ճանապարհին շատ եմ հանգստանում: Գիշերում եմ հյուրատներում: Հաճախ հենց այնպես եմ մնում, փող չեն վերցնում: Իմ հետ վերցրել եմ միայն առաջին անհրաժեշտության իրեր»,- Կրասնոդարի լրագրողներ՝ Յուլիա Յուսուպովաին և Միխաիլ Ստուպինին պատմել է Գրիշա Տեփոյանը:

Հիշեցնենք, որ Գրիշա Տեփոյանը ծնունդով Ալաստան գյուղից է, ով ապրում է Հայաստանում: Իր քայլերթը դեպի Մոսկվա նվիրում է իր հոր և այն հարազատների հիշատակին, ովքեր զոհվել են ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմի ժամանակ: Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղից նա ոտքով ճանապարհ է ընկել դեպի Մոսկվա, որպեսզի մայիսին 9-ին՝ անհայտ զինվորի հուշաձանին ծաղիկներ խոնարհի: