Մեծ և Փոքր Խորենիա գյուղեր տանող հիմնական ճանապարհն այսօրվա դրությամբ բաց է: Ամբողջ գիշեր ձյուն մաքրող տեխնիկան աշխատել է:
Այսօր առավոտյան Մեծ Խորենիա գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ Ախալքալաքի գյուղական ճանապարհները սպասարկող «Վեմ» ընկերության աշխատակիցները մինչև լույս աշխատել են և ճանապարհը բաց է:
«Ախալքալաքից եկան բացեցին, Նինոծմինդայից էին վարձակալել տեխնիկան: Այսօր էլ հարսանիք ունենք, հանգիստ կարող է մաղարը անցնել: Շնորհակալ ենք «Վեմ» ընկերությանը, որ ուշադրություն դարձրին մեր խնդրին»,- ասաց Մեծ Խորենիա գյուղի բնակիչը:
Նշենք, որ երեկ jnews.ge լրատվականը «Տասը օր ձյան գերության մեջ» վերնագրով հոդվածով անդրադարձել էր Մեծ և Փոքր Խորենիա գյուղերի ճանապարհի խնդրին:
Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի գյուղական ճանապարհները սպասարկող «Վեմ» ընկերությունից, այսօրվա դրությամբ շրջանի գրեթե բոլոր գյուղերի ճանապարհները բաց են:
«Գիշերը բացեցինք Խորենիա գյուղի ճանապարհը: Այս պահին դժվարանցանելի է Հոկամ-Գոգաշեն ճանապարհը: Տեղ-տեղ փակ է Օլավերդ, Ագանա Դադեշ գյուղերի ճանապարհները: Այս ուղղություններով տեխնիկան աշխատում է և շուտով բոլոր ճանապարհները բաց կլինեն»,- ասաց ճանապարհը սպասարկող «Վեմ» ընկերության պատասխանատու Վարդ Մոսոյանը:
Աղունիկ Այվազյան