Jnews-ը զրուցել է Վրաստանի խորհրդարանի ներկայիս պատգամավոր և հոկտեմբերին կայանալիք ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Մանուկյանի հետ:
– Պարոն Մանուկյան, ինչպես եղավ, որ առաջադրվեցիք:
– Զանգ ստացա, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավարությունը խորհրդակցություն էր անցկացրել և որոշում կայացրել, որ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը պետք է ես ներկայացնեմ: Ուրախությամբ ընդունեցի իրենց որոշումը և համաձայնվեցի: Ես արդեն 4 տարի է խորհրդարանում եմ նույն կուսակցության համամասնական ցուցակով և 4 տարի զբաղված եմ եղել կուսակցական գործերով, ինչքան կարողացել ներկայացրել եմ մեր շրջանի խնդիրները կենտրոնական իշխանությանը:
– Այսօր ի՞նչ եք խոստանում Ձեր ընտրազանգվածին:
– Ես կուզենայի, որ խոստանալ հասկացողությունը դուրս գա մեր միջից, եկեք չխոստանանք, պարզապես խոստանալու համար: Մենք՝ «Վրացական երազանքն» ունի իր ծրագիրը, մենք հիմնականում կհետևենք այդ ծրագրին, բայց ելնելով շրջաններին հատուկ խնդիրներին, ամեն մարդ կունենա իր նախընտրական ծրագիրը և կուսակցության հետ խորհրդակցելով կկարողանա այդ հարցերին լուծում տալ:
Մի բան եմ ուզում շեշտել, որ մեր ամենակարևոր խոստումը դա մարդկանց հետ անկեղծ լինելն է, թե՜ փոխհարաբերություններում, թե աշխատանքային, թե ընկերական, թե ընտրական միջավայրում: Այսօրվա դրությամբ, եթե պատգամավորը մտածի իր պետության և իր շրջանի մասին, ուրեմն նա կկարողանա ցանկալի արդյունքի հասնել: Ես առաջարկում եմ, որ պատգամավոր բառի իմաստն այլ կերպ ընկալենք, այսինքն՝ իմանանք պատգամավորի ստատուսը ո՞րն է: Պատգամավորը այն մարդն է, որն անհասանելի՞ է, թե նա, ով օրը 24 ժամ հասանելի է բոլորին: Իմ կարծիքով պատգամավորը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին:
– Պարոն Մանուկյան, վերջերս TI-ը զեկույց էր հրապարակել, որտեղ դուք խորհրդարանի 21 պատգամավորների թվում եք, որ ամբիոնից ելույթ չեք ունեցել: Ինչպես կմեկնաբանեք այս փաստը:
– Ես վրաց լեզվին չեմ տիրապետում, որ ամբիոնից կարողանամ ելույթ ունենալ, եթե հասնեմ ամբիոնի մոտ և կարդամ չհասկանալով ինչ որ տեքստ, և չկարողանամ լրացուցիչ հարցերին պատասխանել, ուրեմն ձևական թատրոն ես չեմ խաղա: Ես հասկանում եմ, գրում եմ և կարդում վերացերենով, բայց ելույթ չեմ կարող ունենալ:
Մենք պետք է աշխատենք, որ նոր սերունդը՝ երիտասարդությունն իմանա պետական լեզուն, որ գոնե հետագայում այս խնդրից խուսափենք: Այսօր էլ արդեն ունենք երիտասարդներ, որոնք Վրաստանում են բարձրագույն կրթություն ստացել և վերադարձել են շրջան: Նրանց անպայման պետք է հնարավորություն տալ, որպեսզի տեղում օգտագործեն իրենց գիտելիքներն ու փորձը:
– Ինչքա՞ն եք գնահատում Ձեր ընտրվելու շանսերը:
– Անպայման կհաղթենք, չհաղթելու ձև չունենք, բայց տոկոսների մասին այս պահին չէի ուզենա խոսել: Ժամանակը ցույց կտա, եկեք իրադարձություններից առաջ չընկենք:
– Ընտրություններում ու՞մ եք տեսնում Ձեր գլխավոր մրցակից:
– Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի առաջադրվելու: Ես մրցակից տեսնում եմ բոլորին, եթե մարդն այսօր կա գործի մեջ, ուրեմն մրցակից է: Թեկնածուներս ժողովրդի մեջից ելած մարդիկ ենք, դրա համար պետք է գոնե մի քիչ նախընտրական ու ընտրական փոխհարաբերությունները փոխենք, թշնամական չդարձնենք: Ձգտենք, որ դեմոկրատական ընտրություններ լինեն: Մեզանից յուրաքանչյուրն իր չափով, իր ձայներն է հավաքելու, այստեղ չի լինելու հաղթող ու պարտվող: Իմ կարծիքով, ինչքան բարձր տոկոսով կարողանամ ես հաղթել այս ընտրությունները, այդքան կենտրոնական իշխանություններին լավ կհասնի մեր ձայնը: Մենք մեր ձայների համար պետք է ուժեղ աշխատենք, պետք է ճիշտ պայքարենք: