Թափառող շների խնդիրն Ախալքալաքում մի քանի տարի է, ինչ արդիական է մնում, այն մեթոդը (բռնում, ստերջացում և վերադարձում), որով փորձում են լուծել այս հարցը՝ իրեն չի արդարացնում, գրեթե ամեն օր բողոքներ են հնչում շների հարձակումների վերաբերյալ: Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները դիմել են քաղաքապետարան, որպեսզի այնտեղ հաշվարկեն և քննարկեն տեղում շների համար կացարան բացելու հնարավորությունը։

Սակրեբուլոյի վերջին նիստի ժամանակ պատգամավորները կրկին բարձրացրել են թափառող շների բնակիչների վրա հարձակումների հարցը։

«Պատգամավորներից Ռուբեն Պալյանը նկատողություն արեց, որ այն մեթոդը, որը մենք հիմա կիրառում ենք, անարդյունավետ է, և առաջարկեց, եթե հնարավոր է, 200 շան համար շնաբուծարան բացել տեղում, առանձին, այլ ոչ թե նահանգապետարանի կազմում։ Մենք քաղաքապետարանին հանձնարարել ենք աշխատանքներ իրականացնել, հետո հանձնաժողովներում այս հարցի շուրջ խորհրդակցություն ենք վարել՝ հասկանալու համար, թե դա որքան կարժենա՝ նպատակահարմար է, թե՞ ոչ։ Մեր հատկացրած գումարներն այս խնդիրը չեն լուծում։ Պատգամավորները նշել են, որ մունիցիպալիտետի տարածքում կան բազմաթիվ հին պահեստային տարածքներ։ Մենք կարող ենք խնդրել, որ պետական գույքը փոխանցվի մեզ։ Քաղաքապետարանում առաջարկվել է վերակառուցել ապաստարանը, քանի որ տարածքի վերագրանցումն ու վերականգնումն ավելի դժվար կլինի։ Առայժմ այս ամենը խոսակցություն է»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ տարեսկզբից մինչև մայիսի վերջ մունիցիպալիտետում գրանցվել է շան կծոցի 40 դեպք։ Թափառող շների խնդիրը ոչ միայն մունիցիպալիտետի, այլ ամբողջ Վրաստանի բարդ ու դեռևս չլուծված խնդիրներից է։

2017 թվականից Ախալքալաքում գումար է հատկացվում շներին բռնելու և ստերջացնելու համար, որոնց բուժելուց հետո վերադարձնում են, բայց տարեկան ստերջացված 100-200 շունը ոչնչով չի նպաստում խնդրի լուծմանը։ Նշենք, որ Ախալցիխեում ծրագրում են կառուցել նաև թափառող շների մարզային շնաբուծարան։