Արդեն 10 օր է փակ է Մեծ և Փոքր Խորենիա գյուղեր տանող հիմնական ճանապարհը: Մարդիկ ստիպված հիվանդներին սահնակով են տեղափոխում: Ճանապարհը մաքրող ընկերությունները խոստանում են մինչև առավոտ բացել ճանապարհը:
Կեսօրին jnews.ge լրատվականը հեռախոսազանգ ստացավ Մեծ Խորենիա գյուղի բնակիչներից, ովքեր մնացել էին փակ ճանապարհին:
Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա և Նինոծմինդայի շրջանի Փոքր Խորենիա գյուղի բնակիչները հայտնվել են բարդ իրավիճակում: Առատ տեղացած ձյան և քամու պատճառով փակվել է գյուղեր տանող հիմնական ճանապարհը: Գյուղացիների խոսքերով ոչ-ոք չի մաքրում ճանապարհը: Վերջին անգամ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին են ճանապարհը մաքրել:
«Երկու օր առաջ մարդ էր վատացել, հիվանդանոց սահնակով գիշերով տեղափոխեցինք: Զանգում ենք Նինոծմինդա՝ ասում են մեր ճանապարհը չէ, շտապ օգնություն են ուղարկում, իսկ Ախալքալաքում հակառակն են ասում: Ի՞նչ անենք մենք: Ահա գյուղից այստեղ ոտքով եմ եկել: Այստեղ էլ շներն են հարձակվում, նույնիսկ հորս մատը շունը կերել է: Բոլորը անտեսում են»,- ասաց Փոքր Խորենիա գյուղի բնակիչ Լեռնիկ Մելիտոնյանը:
Բնակիչները բողոքում են, որ ոտքով քայլել էլ չեն կարողանում, քանի որ երկաթգծի կայանի մոտակայքի շները խմբերով հարձակվում են մարդկանց վրա:
Մեկ այլ բնակչի խոսքերով արդեն 10 օր է, Խոսպիո գյուղում բնակվող երկու ուսուցիչ, ովքեր դասավանդում են Խորենիա գյուղի դպրոցում, փակ ճանապարհի պատճառով չեն կարողանում դպրոց հասնել:
«Երկու դասատու ունենք Խոսպիո գյուղից գալիս են մինչև ճանապարհի կեսը և հետ դառնում: Սա անտանելի է: Փակ ճանապարհների պատճառով մեքենաները ջարդեցինք, ինչքան կարելի է»,- ասաց մի բնակիչ:
Մեծ Խորենիա գյուղի բնակիչ Արթուր Հովհաննիսյանի մեքենան մնացել է ճանապարհին, արդեն 5 օր է վերջինս ստիպված Ախալքալաքում է գիշերում:
«Մի շաբաթ է Ախալքալաքում եմ մնում: Ախալցխա էի գնացել, եկա ու մնացի ճանապարհին: Ինչու չեն մաքրում, ձյունը հավաքվում է, հետո ասում են տեխնիկան չի կարող մտնել, մենք էլ ենք մարդ: Տեսեք տրակտորը մտցրել են դաշտերի մեջով բերում են, իրենք չեն մտածում, որ մեր աշնանացանն են փչացնում: Ինչ ուզում են դա էլ անում են, ոչ-ոքի հաշվի չեն առնում»,- ասաց Մեծ Խորենիա գյուղի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը:
Ախալքալաքի շրջանի գյուղամիջյան ճանապարհները մաքրող «Վեմ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ մինչև վաղը կաշխատեն ճանապարհը մաքրել:
«Մեր ունեցած տեխնիկան չի կարող այդ ճանապարհը մաքրել: Ստիպված Նինոծմինդայից ենք վարձակալել: Ինձ խոստացել են, որ այսօր տեխնիկան տեղ կհասնի: Մենք ալտերնատիվ ճանապարհ ենք բացել Ջիգրաշեն գյուղի միջով, վերջին անգամ երեկ կեսօրին ենք այդ ճանապարհը մաքրել, քամիների պատճառով անընդհատ փակվում է»,- ասաց «Վեմ» ընկերության պատասխանատու Վարդ Մոսոյանը:
Իսկ ահա Նինոծմինդայի շրջանի գյուղամիջյան ճանապարհները մաքրող «Դորոժնիկ» ընկերությունից մեզ ասացին, որ Խորենիա գյուղի ճանապարհը իրենց չի պատկանում:
«Դա մեր շրջանին չի պատկանում: Բայց ինչքան զանգել են գնացել ենք: Հիմնական ճանապարհը փակ է, բայց իրենք կարող են Ջիգրաշեն գյուղով գնալ: Այդ ճանապարհն էլ մենք ենք բացել»,- ասաց Արմեն Նորսոյանը:
Նշենք, որ թե Ախալքալաքի և թե Նինոծմինդայի շրջանների գյուղամիջյան ճանապարհները մաքրող ընկերությունները jnews.ge-ին խոստացան մինչև վաղը առավոտ անկախ ամեն ինչից ճանապահը բացել: Կկատարեն խոստումը, թե ոչ կանդրադառնանք վաղը:
Աղունիկ Այվազյան