Ծնունդով Նինոծմինդայից Վարդուհի Մոսոյանը սովորում է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում, ուսմանը զուգահեռ աշխատում է նաև Թբիլիսի Սիթի Մեդիքալում (Tbilisi City Medical):
Վարդուհին նախնական կրթությունը ստացել է Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում, այնուհետև բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ընդունվել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարան:
«Եթե ասեմ, որ մանկուց երազել էի բժիշկ դառնալու մասին, ապա դա սուտ կլինի: Բժիշկ դառնալու որոշմանը միանգամից եմ եկել, չնայած նրան, որ մարդիկ մտածում են, պահի տակ կայացրած որոշումները շուտ են փոխվում: Իմ դեպքում այդպես չեղավ և, չնայած բազում դժվարությունների չեմ փոշմանել կայացրածս որոշման համար: Ինձ շատ է հետաքրքրում մարդու օրգանիզմը, ուզում էի իմանալ այնտեղ տեղի ունեցող ֆունկցիաները և հենց այդ հետաքրքրությունը դրդեց ընտրել բժշկի մասնագիտութունը»:
Թե ապագայում նեղ մասնագիտական ո՞ր ուղղությունն է ընտրելու Վարդուհին դեռ կոնկրետ որոշում չունի: Ամեն անգամ նոր բան ուսումնասիրելուց և սովորելուց հետո շփոթության մեջ է ընկնում և դեռ չի կարողանում որոշում կայացնել, սակայն անկախ ամեն ինչից կարևորում է լավ և պահանջված մասնագետ դառնալու անհրաժեշտությունը:
Դժվարությունների մասին խոսելիս, մեր հերոսուհին նշում է հարազատ քաղաքին կարոտելու, լեզվական բարիերի և մասնագիտական նյութերի բարդության մասին:
«Նախապատրաստական կուրսում սովորելու ժամանակ բավականին հեշտ էր, քանի որ կենտրոնացել էի լեզուն սովորելու վրա, իսկ առաջին կուրսի ժամանակ ավելի մասնագիտական դժվարություններ առաջացան և դա շարունակվեց մինչև չորորդ կուրս, իսկ հինգերորդում քանի որ դասերը արդեն կլինիկաներում էին անցնում, ավելի հետաքրքիր էր»:
Վարդուհին ընդգծում է, որ վրացական միջավայրում խնդիրներ չի ունեցել, նրան ավելի շատ անհանգստացրել է ներքին հույզերն ու կռիվները, երբ օրինակ, դասախոսի բացատրածը չի հասկացել, սակայն ժամանակի հետ ամեն ինչ հարթվել է:
Անկախ դժվարություններից Վարդուհին խորհուրդ է տալիս՝ ցանկության և հետաքրքրության դեպքում ոչ մի դժվարության ուշադրություն չդարձնել, պայքարել ցանկալի մասնագիտության համար: Նա նկատել է, որ շատերը վախերի պատճառով հրաժարվում են իրենց երազանքից:
Մեր հերոսուհին ուսմանը զուգահեռ նաև աշխատում է: Համեմատականներ անցկացնելով շրջանի և մայրաքաղաքի հիվանդանոցների միջև նշում է, որ իրեն ավելի շատ դուր է գալիս իրեն ծանոթ հիվանդանոցներում բժշկների հոգատար վերաբերմունքը պացիենտների նկատմամբ:
2021 թվականի նոյեմբերից Վարդուհին աշխատում է Թբիլիսի Սիթի Մեդիքալում:Աշխատանքի է ընդունվել կորոնավարակի թեժ շրջանում:
«Սկսեցի աշխատել covid բաժանմունքում, բուժքույրի օգնական էի, բայց 2022 թվականի մարտ ամսից արդեն խիրուրգիայի բաժանմունքում եմ, որպես բուժքույր»:
Խոսելով հարազատ քաղաքում բժիշկների ու հիվանդանոցի մասին նշում է. «Կարծում եմ լավ մասնագետների պակաս միշտ և ամեն տեղ կա, այդ թվում՝ նաև մեր շրջանում, բայց կարող եմ ասել, որ կոնկրետ Նինոծմինդայի հիվանդանոցում ավելի շատ սարքավորումների պակաս է զգացվում, քան մասնագետների»:
Որպես ապագա բժշկուհի՝ մեր հերոսուհին առանձնացնում է բժշկի գնալու կարևորության և ժամանակին խնդիրը հայտնաբերելու մասին:
«Ժամանակին գնալը մի բուժում է, իսկ ուշացումով գնալը մի քանի: Խնդիրը նրանում է, որ մարդիկ խուսափում են բժշկի գնալուց հենց հիվանդանոց չմտնելու համար, այդ միջավայրը շատերի վրա է ազդում: Իմ խորհուրդն է բոլորին՝ հետևեք ձեր առողջությանը, առողջ սնվեք և ժամանակ գտնել հանգստանալու համար, սիրենք ձեզ ու ձեր օրգանիզմը»:
Վարդուհի Մոսոյանը բացի բժշկությունից ունի շատ այլ նախասիրություններ, որոնցից առանձնացնում է դաշնամուր նվագելը: Նրա խոսքով, ցանկացած հոգեվիճակում այն օգնում է իրեն, սիրում է նաև գրքեր կարդալ և հեծանիվ վարել: