Ախալքալաքի նոր տեղական իշխանությունները տարրական կենսապայմանների մասին գյուղացիների խնդրանքներին պատասխանում են մերժումով՝ հաջորդ տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մինչդեռ բյուջեի նախագծում ավելանում են որոշ կետեր, որոնք վերաբերում են հենց իշխանություններին, ի հայտ են գալիս նոր ծախսեր, արվում են հին ծախսերը, որոնք ուղղված չեն տեղի բնակչության կարիքներին։
Տարեվերջ, ինչպես և ամբողջ երկրում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն քննարկում է հաջորդ տարվա բյուջեն։ Քննարկումներից հետո նախագիծը կընդունվի մինչև Ամանոր։
Բյուջեի նախագծից ելնելով, այնտեղ ամրագրվում են կետեր, որոնց համար բավականին զգալի գումարներ են նախատեսված։
Օրինակ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի աշխատավարձային ֆոնդը կազմում է 520 800 լարի, որից 500 700-ը՝ աշխատավարձերն են, իսկ 20 100 լարին՝ հավելավճարները։ Նշենք, որ նախորդ տարի աշխատավարձի համար հատկացվել էր 500-700, իսկ հավելավճարի համար՝ 10 100 լարի։ Այսինքն՝ նոր բյուջեի նախագծով այս տարի հավելավճարը 10 հազար լարիով ավելի է։ Աշխատավարձերից բացի Սակրեբուլոյի աշխատակիցների կարիքների համար նույնպես ծախսեր է կատարվում, օրինակ՝ կորպորատիվ հաղորդակցության համար՝ 7000 լարի, ներկայացուցչական ծախսերը՝ 2000 լարի, տրանսպորտային ծախսերը՝ 26 000 լարի, որից 16 000-ը՝ միայն բենզինի համար, 10 000 լարին՝ ծառայությունների ծախսերն են, սպասարկման համար՝ 10 000 լարի: Սակրեբուլոյի անդամների ծախսերը կազմում է 104 000 լարի։
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պահպանումն այս տարի հարկատուի վրա կնստի 776 100 լարի։ Նշենք, որ նախորդ տարի այդ գումարը 28 798,2 լարիով պակաս էր։
Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատավարձային ֆոնդը կկազմի 1 038 200 լարի, եթե բյուջեն ընդունվի առանց սույն կետում փոփոխությունների։ Անցած տարի այս գումարը կազմել է 964 100 լարի։ Այս 1 038 200 լարիից 890 000 լարին հատկացվելու է աշխատավարձին, իսկ 148 200 լարին հավելավճարին, նշենք, որ նախորդ տարի հավելավճարը գրեթե կեսով պակաս է եղել և կազմել է 74 100 լարի։ Բացի աշխատավարձերից և հավելավճարներից, 2022 թվականին քաղաքապետարանի աշխատակիցների համար կհատկացվի գումար բժշկական ապահովագրության համար՝ 100 հազար լարի։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պահպանումը կկազմի 2 713 430 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Զինվորական ծառայության համար նախատեսված աշխատավարձերի հավելավճարները 6 600-ից դարձել է 13 200 լարի։
Թեև ընթացիկ տարի ոչ մի զանգվածային միջոցառում չի անցկացվել՝ ելնելով կորոնավիրուսի դեմ պայքարի նկատառումներից, հաջորդ տարի դրանցից մի քանի միջոցառումների համար գումար է հատկացվել։ Եթե այս տարի «Տավշանկա» ամառային մանկական ճամբարի համար հատկացվել է 0 լարի, ապա հաջորդ տարի կհատկացվի 40 հազար լարի։ Ջիվանու տոնի համար 6000 լարի է հատկացվել, 2021 թվականին դրա համար գումար չէր հատկացվել։ Վարեւան և Սուլդա գյուղերի միջոցառումների համար հատկացվել է 500 լարի, նույնքան էլ հատկացվել էր նախորդ տարի, սակայն այդ միջոցառումները չէին անցկացվել։ Հաջորդ տարի Ախալքալաք քաղաքի օրվա տոնակատարության համար հատկացվել է 20 000 լարի, այս տարի հատկացվել էր նույնքան գումար, սակայն, ինչպես մյուս միջոցառումները, այն նույնպես չէր անցկացվել։
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի՝ ռեգբիի ակումբի համար «պարտադրված» ներդրումը, հատկացվելու է 55 հազար լարի։ Քաղաքային լողավազանի շահագործման համար հատկացվել է 180 հազար լարի, որն այս տարի ոչ մի օր չի աշխատել, թեև 2021 թվականին դրա պահպանման համար հատկացվել էր 93 հազար լարի։ Ակումբների միավորման համար, չնայած նրան, որ շատ գյուղերում ակումբները ոչ բարվոք վիճակում են և չեն գործում, նախատեսված է 158 800 լարի։ Այս տարի այդ գումարը կազմել է 154 000 լարի։
2021 թվականին տեղական ATV-12 հեռուստաալիքի պահպանման համար հատկացվել էր 30 հազար լարի, նույնքան էլ հատկացվել է հաջորդ տարվա համար։ 4 900 լարի է հատկացվել և նույնքան հատկացվելու է GUARDIAN.ge-ին և 2750 ու 3000 լարի՝ «Էքսպրեսնյուս»-ին։ Ախալքալաքի բյուջեից 3000 լարի է հատկացվել «Էտալոն» կայքի համար, որը լուսաբանում է կրթական հարցեր։
Քրիստինե Մարաբյան