Հունվարի 29-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայոց բանակի 25 ամյակին։
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես երիտասարդական կենտրոնի տարբեր տարիքի և նախասիրության սաները, այնպես էլ անհատ երգիչ Ալֆոն Կուլաղսզյանը Կարտիկամ գյուղից։
Միջոցառումը կազմակերպվել էր երիտասարդական կենտրոնի մանկավարժների աջակցությամբ և բաղկացած էր երաժշտական ու պարային համարներից, փոքր բեմականացումներից և ասմունքներից։
Մանկահասակ երեխաների շուրթերից մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ հնչում էին քաջալերման, գովասանքի, մխիթարանքի խոսքեր։
Միջոցառման ավարտին ներկաներին և մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկավ երիտասարդական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը՝
«Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ։ Հայ ժողովուրդը իր գոյության պատմության ընթացքում բազում անգամ է ունեցել հզոր բանակ, չնայած հաճախ սակավաթիվ զինվորներով, բայց գրեթե միշտ մեծ հաջողություն ունեցող բանակ։ Այլևս կարելի է ասել, որ հայոց բանակը կայացած է և հզոր, որի վառ ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմը»,- ասաց Արթուր Գաբրիելյանը։
Միջոցառումը ավարտվեց հանդիսատեսի և մասնակիցների շնորհավորանքներով ու հայրենասիրական երգերի շարանով։
Ջուլիետա Տոնականյան