Գիգա Բոկերիայի գլխավորությամբ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը լքած քաղաքական գործիչները նոր քաղաքական միավորում են ստեղծում։ Նոր կուսակցությունը կկոչվի «Ֆեդերալիստներ»։

Այս մասին հայտնել է ապագա կուսակցության առաջնորդներից մեկը՝ Թամար Չերգոլեիշվիլին։ Նրա խոսքով, սեպտեմբերին տեղի կունենա «ֆեդերալիստների» համագումար նիստը, և կհայտարարվի, թե կուսակցությունը ինչ ձևաչափով է մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ընտրություններին։ Նոր կուսակցության շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 15-ին։

Գիգա Բոկերիան և նրա կինը՝ Թամար Չերգոլեիշվիլին, խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ անսպասելիորեն հեռացան «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից օգոստոսի սկզբին։ Նրանց հետևեց թիմի մի մասը։

Ըստ Բոկերիայի՝ պատճառը կուսակցության գլխավոր քարտուղար Ակակի Բոբոխիձեի հետ «արժեքային բախումն» էր և ընտրություններից առաջ փրայմերիզների անցկացման հետ կապված հարցերը։

Վերջին վարկանիշները՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր, ցույց տվեցին, որ «եվրոպական Վրաստանը» չի հաղթահարել ընտրություններում 5 տոկոսանոց շեմը։ Կուսակցությունը երկար ժամանակ դիտարկում էր ընդդիմադիր միավորումների շանսերը, բայց արդյունքում չմիացավ ոչ մեկին։