Ախալքալաքում «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածուներն ու ակտիվիստները ակտիվ քարոզարշավ են իրականացնում: «Երազանքի» ներկայացուցիչները օրական միջինը երեք գյուղում են լինում, խոսում են բնակչության հետ, լսում նրանց խնդիրներն ու ներկայացնում թեկնածուներին: JNEWS-ը հետևում է քաղաքական կուսակցությունների քարոզարշավի ընթացքին:
«Վրացական երազանք» կուսակցության քարոզարշավը Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում սեպտեմբերի 6-ին մարդաշատ չէր: Գյուղի կենտրոնում էր հավաքվել մոտավոր 30-40 մարդ: Քարոզարշավի խմբում մոտավոր 15 մարդ կար: Այստեղ քարոզարշավն անցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում:
Նախ հավաքվածներին ներկայացան կուսակցության Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Գենադի Էլիզբարյանը և համամասնական կարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սողոմոն Ասլանյանը, այնուհետև վերջիններս բնակիչներից հետաքրքրվեցին իրենց հուզող հարցերից:
Գյուղի կենտրոնում հավաքվածները առանձնապես շատ խնդիրներ չներկայացրին, նշեցին միայն գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակի, անասունների ջրի բացակայության, գյուղի լուսավորման խնդիրների մասին:
Թեկնածուները խոստացան հնարավորության սահմաններում լուծել թվարկված խնդիրները, չնշելով ոչ մի ժամկետ: Ի պատասխան Բավրայում խոստացան ընտրություններին իրենց ձայնը տալ իշխող կուսակցությանը:
Քարոզարշավին ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Ախալքալաքի գործող քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: Նրանք նույնպես քարոզի խոսքով հանդես եկան:
Խորհրդարանի պատգամավորը վստահեցնում էր, որ միակ կուսակցությունը, որը կարող է ծրագրեր իրականացնել, դա «Վրացական երազանքն» է: Նա հորդորեց բոլորին ձայները տալ 41-ին և «մնացածը պահանջել» նրանցից:
«Վրացական երազանքի» հաջորդ կանգառը Խոսպիո գյուղում էր: Այստեղ նույնպես մարդաշատ չէր, սակայն ավելի շատ մարդ էր հավաքված, քան Բավրայում: Խոսպիոյում քարոզարշավն սկսվեց գյուղացիների մեկի բարի գալուստի խոսքով, ով տանտիրոջ կարգավիճակով նախ ներկայացրեց թեկնածուներին ու կուսակցությանը, այնուհետև խոստացավ, որ հասարակության մեծ մասը վստահության քվե կտա իշխող կուսակցությանը:
«Ինչպես ամբողջ աշխարհում ապրող հայերը, ցանկացած երկրում սփյուռքը ընտրություների ժամանակ կանգնում է պետության կողքին, այնպես էլ հիմա մենք պետք է լինենք իշխող կուսակցության կողքին: Քաղաքապետի թեկնածու առաջադրված է Մելքոն Մակարյանը: Մակարյանների գերդաստանին ես վաղուց գիտեմ: Նա պետության շահերն իմացող մարդ է, նաև գյուղացու հոգեբանությունը թափանցող անձնավորություն, մարդասեր, գրագետ ու կիրթ անձնավորություն: Շուրջ 2,5 տասնամյակ է ես իրեն գիտեմ»,- ասաց գյուղացիներից մեկը:
Ախալքալաքի գործող քաղաքապետը Խոսպիո գյուղի բնակիչներին ուղղված իր խոսքում ասաց, որ իրենք հատկապես վերջին չորս տարիների ընթացքում կարողացել են ժողովրդի հոգսերը հոգալ և իր խնդրանքն է քվեարկել «Երազանքի» օգտին: Այդպիսով ցույց տալ իրենց ուժն ու միասնականությունը:
«Շնորհակալություն բոլորիդ, այսպիսի ջերմ ընդունելության համար: Ուզում եմ մի քիչ փակագծերը բացել, Խոսպիոն ինձ համար պարզապես գյուղ չէ, իմ երիտասարդ տարիներն այստեղ է անցել, բազմաթիվ ընկերներ ունեմ: Այսօր եկել ենք ձեզ հետ անմիջական շփվելու, ծանոթանալու և ձեր խնդիրները լսելու, ինչու ոչ նաև ձեր օգնությունը խնդրելու: Ինչպես գիտեք հոկտեմբերի 2-ին ընտրություններ են, ձեր աջակցությունը և ձեր քվեն մեզ համար շատ մեծ դերակատարություն ունի»,- հավաքվածներին այսպիսի խոսքերով դիմեց քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը:
Քարոզարշավը Խոսպիոում մոտենում էր ավարտին, գրեթե նույն ելույթներն ու խոստումները հնչեցին ինչ Բավրայում, մինչև գյուղացիներից մեկը չասաց. «Ամեն ինչ լավ կլինի, ընտրությունները կանցնեն, վերջ, Խոսպիոն էլ կմոռանան, Մարտունին էլ, բոլորը կմոռանան մեր մասին, ինչպես միշտ»:
Այս խոսքերը բոլորը ծիծաղով ընդունեցին, որից հետո միայն թեկնածուները մոտեցան գյուղացիներին և սկսեցին խոսել յուրաքանչյուրի հետ առանձին:
Գյուղացիներից մեկը JNEWS-ին ասաց. «Եկել են իրենց գործն անում են, որ գնան: Շտապում են մյուս գյուղ գնան, որ հասցնեն: Ասում են քաղաքին կպած գյուղ եք, ամեն ինչ կա, մի խաղահրապարակ կառուցեցին, ամեն օր գալիս ասում են: Տեսեք, սա ճանապարհ է, փոշուց խեղդվում ենք, գյուղացու մասին մտածող չկա»:
Նախընտրական քարոզարշավն այս գյուղում մոտավոր 50 րոպե տևեց, որից հետո 8 մեքենայից բաղկացած ավտոշարասյունն ուղղվեց դեպի Խորենիա:
Այս գյուղում քարոզարշավը նույնպես մարդաշատ չէր, մոտավոր 50-60 հոգի էր հավաքվել գյուղի մշակույթի տան դիմաց: Այստեղ քարոզարշավին ներկա էր նաև գյուղի դպրոցի մանկավարժական կազմը: Երեխաները «Վրացական երազանք» կուսակցության շապիկներով ու դրոշներով էին, իսկ մեծահասակները լսում էին իրենց գյուղ եկածներին:
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն խորենեցիներին ուղղված իր խոսքն սկսեց հետևյալ տողերով. «Խորենիայի տարիների երազանքը կատարվել է, այսօր գյուղում խմելու ջուր կա: Դա մեր ու ձեր ձեռքբերումն է, կգա ժամանակ մյուս հարցերը նույնպես կլուծենք, այսօր եկել ենք լսելու ձեզ հուզող խնդիրների մասին, որպեսզի հնարավորույթան դեպքում լուծում առաջարկենք»:
Խորենեցիները համակ ուշադրությամբ լսեցին «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին, այնուհետև ներկայացրին իրենց գյուղի խնդիրները:
«Մենք գյուղատնտեսական շրջան ենք, բայց ոռոգման ջուր չունենք, որպեսզի դաշտերը ջրենք: Մեր անասունը ջուր չունի, խոտ չունի, ասեք գյուղացին ինչ անի: Ամեն մանրուք խնդիր է, իրար կողքի ենք ապրում ենք, կամուրջից վերև Նինոծմինդայի Խորենիա գյուղն է, ընդամենը տաս տուն են, բայց ամեն ինչ ունեն, նույնիսկ աղբամաններ կան, իսկ մենք անուշադրության ենք մատնված»,- ասաց Խորենիա գյուղի բնակիչներից մեկը:
Իսկ դպրոցի տնօրենը ներկայացրեց կրթական հիմնախնդիրները. «Մենք այս տարի 12 առաջին դասարանցի ունենք, եկեք տեսեք ինչ պայմաններում են սովորում: Ինչ անենք, որ մենք շենքը լավ ենք պահել, բայց մենք էլ խնդիրներ ունենք, ամեն անգամ ասում են, որ այս կամ այն գյուղի դպրոցը փլվում է, պետք է սարքենք, իսկ մերի տերը մարդ չկա: Ես չեմ բողոքում, բայց ուշադրություն է հարկավոր»:
«Վրացական երազանքի» Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը լսելով գյուղացիների խնդիրների մասին, խոստացավ հնարավորության սահմաններում գյուղացիներին ընդառաջել:
Խորենիայում բարձրաձայնեցին նաև գյուղի կամրջի վիճակի և գյուղի միջով երթևեկող ավազով բեռնված բեռնատարների խնդրի մասին: Իշխանություններից խնդրելով որևէ լուծում տալ տարիներով չլուծվող խնդրին:
Աղունիկ Այվազյան