Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի օրը տեղի ունեցած միջադեպերի առթիվ ոստիկանությունը երկու քրեական գործ է հարուցել և վարչական կարգով բերման է ենթարկել 5 հոգու։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Այսօրվա ընթացքում իրավիճակը բազմիցս սրվել է Զուգդիդի քաղաքի թիվ 20 ընտրատեղամասում։ Մի քանի անգամ իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմության կողմնակիցների միջև լարվածությունը վերածվել է ծեծկռտուքի։

Կոնֆլիկտների ընթացքում «Վրաստանի վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների հիման վրա ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար բերման է ենթարկվել հինգ մարդ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստները, որոնք տեղամասում ներկա են եղել որպես դիտորդ։ Զուգդիդիից մեծամասնական պատգամավոր, «Վրացական երազանքի» անդամ Իրակլի Չիքովանին ձերբակալվածներին մեղադրել է արհեստական ​​լարվածություն ստեղծելու մեջ։

Զուգդիդիում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ՆԳՆ-ն նույնպես հետաքննությունը սկսել է 126-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է բռնություն։

Սույն հոդվածով քրեական գործ է հարուցվել Սենակի քաղաքում տեղի ունեցած միջադեպի առթիվ էլ։ Ինչպես նշվում է, հետաքննությունը սկսվել է «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրողի դիմումի հիման վրա։

ՆԳՆ-ն արձագանքել է նաեւ ընտրական օրենսդրությունը խախտելու տասը փաստի։ Խոսքը ընտրատեղամասից 100 մետր հեռավորության վրա մարդկանց կուտակման կամ ընտրողներին գրանցելու, ինչպես նաև ընտրատեղամասերից 25 մետր շառավղով քարոզչական նյութերի տեղադրման փաստերի մասին է։

Վրաստանի քաղաքացիներն այսօր ընտրում են շրջանների և 20 քաղաքների քաղաքապետերի, ինչպես նաև 24 մեծամասնական շրջանների Սակրեբուլոների պատգամավորների։ Մեծամասամբ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուները: