Ջավախքի բնակչության համար վրացերենի ուսուցման ամենաարդյունավետ կրթական ծրագիրը «1+4»-ն է համարվում, բայց ծրագրում առկա բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներն իրականում խոչընդոտում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին հաղթահարել պետական լեզվի չիմացության խնդիրն ու լիարժեք ինտեգրվել։
2010 թվականից գործող «1+4» ծրագիրը տարիների ընթացքում կարծես չլուծեց էթնիկ փոքրամասնությունների ունեցած պետական լեզվի իմացության խնդիրը։ Մինչև հիմա էլ շատ երիտասարդներ վերոնշյալ ծրագրով ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն կիսատ են թողնում կրթությունը։
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակն ամեն տարի մոնիթորինգ է անցկացնում՝ թե քանի՞ ուսանող է «1+4» կրթական ծրագրով բուհ ընդունվում, սակայն չունի տվյալներ, թե քանի՞սն են ավարտում և հետագայում աշխատանքի տեղավորվում։
Ախալքալաքի «Մեծահասակների կրթության կենտրոն»-ի տնօրեն Շորենա Թեթվաձեն, ով երկար տարիներ է աշխատում է ՀԿ ոլորտում, եկել է այն եզրահանգմանը, որ «1+4» կրթական ծրագիրը մի շարք խնդիրներ ունի, որոնք վերացնելու դեպքում հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքների հասնել, քան հիմա ունենք։
Խնդիրներից մեկը դա այն է, որ շատերն առաջին տարում չեն հարմարվում, լիարժեք չեն կարողանում սովորել պետական լեզուն և վերջնարդյունքում՝ կամ կիսատ են թողնում կրթությունը, կամ տեղափոխվում են այլ երկիր։
«Այն ուսանողները, ովքեր ընդունվում են «1+4» նախագծով, նախապատրաստական կամ առաջին կուրսից հետո, տեղափոխվում են Հայաստան։ Անցած և նախանցած տարի այդպիսի դեպքեր շատ են եղել։ Այս հարցերը պետք է ուսումնասիրել, պատճառներն ու հետևանքները հասկանալ։ 2010 թվականից հետո գրեթե ոչ մի բան չի փոխվել «1+4» ծրագրում։ Խորքային հետազոտություն չի արվել, թե համալսարանն ավարտելուց հետո քանի՞սն են աշխատանքի տեղավորվել, քանի՞սն են գնացել երկրից, կամ ինչու՞ չեն կարողացել աշխատանք գտնել», – ասում է Շորենա Թեթվաձեն։
Jnews-ը խոսել է «1+4» նախագծով սովորող ուսանողների հետ և պարզել, որ տարբեր համալսարաններում վրացերեն լեզվի ուսուցման ծրագրերը տարբեր են, և ըստ այդմ էլ ուսանողների վրացերենի ուսուցման մակարդակը տարբեր է։ Օրինակ՝ որոշ ուսանողներ նշում են, որ ժամանակակից մեթոդներով չեն դասավանդում, կամ այն, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները առանձին են սովորում, այսինքն՝ վարցերենով չեն հաղորդակցվում։
«Սկսենք նրանից, որ մեր դասախոսները երիտասարդներ չեն և դասավանդում են հին մեթոդներով։ Օրինակ՝ մյուս համալսարաններում գնում են տարբեր վայրեր և իրենց այցելությունները շնորհանդեսի ձևով ներկայացնում են դասաժամին, հարց ու պատասխան են անում, քննարկում և այլն։ Խմբերում ուսանողները խառն են, այսինքն՝ շփումը վրացերեն լեզվով է, թեկուզ և սխալ, բայց բոլորը խոսում են վրացերեն։ Իսկ այն համալսարանները, որտեղ խմբերն առանձնացված են, բոլորը շփվում են իրենց մայրենի լեզվով», – նշում է Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի նախապատրաստական կուրսն անցած ուսանողուհին, ով հիմա արդեն մագիստրատուրայում է սովորում։
Ընդգծենք, որ առաջին տարում էթնիկ փոքրամասնությունների ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի բարեհաջող ավարտ) հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունն իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու:
Բանն այն է, որ որպես օրինաչափություն գրեթե բոլորը կարողանում են հավաքել անհրաժեշտ միավորներն ու առաջին կուրս տեղափոխվել։ Այստեղ խնդիրը բազմաշերտ է՝ մի կողմից համալսարանի վարկանիշը կնվազի, մյուս կողմից կարող է համալսարանը հավաստագրից զրկվել։
Իսկ Շորենա Թեթվաձեն ասում է, որ նախապատրաստական կուրսից հետո շատերն օրենքով չպետք է տեղափոխվեն առաջին կուրս, սակայն տեղափոխվում են, քանի որ չանցնելու դեպքում համալսարանը կորցնում է հավաստագիրը, կորցնում է ֆինանսական միջոցներ և միևնույն ժամանակ՝ որակ։
Չնայած, որ Վրաստանում վերջին տարիներին դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվում, որպեսզի հատկապես էթնիկ փոքրամասնությունները տիրապետեն պետական լեզվին, սակայն արդյունքը գոհացուցիչ չէ։ Փաստն այն է, որ աշակերտը շաբաթական հինգ ժամ վրացերեն է անցնում, բայց չգիտես ինչու ավարտական դասարաններում վրացերենի քննություն չկա, այսինքն՝ վերահսկող մեխանիզմները կարելի է ասել թույլ են, կամ ընդհանրապես բացակայում են։
Այսօր աշակերտը վստահ է, որ չիմանալով վրացերեն, առանց իրեն նեղություն տալու, հանձնելով ընդամենը մեկ քննություն՝ ընդհանուր ունակություններից, հանգիստ կարող է բուհ ընդունվել։
Այդ պատճառով էլ Ախալքալաքի «Մեծահասակների կրթության կենտրոն»-ի տնօրեն Շորենա Թեթվաձեն կարևորում է՝ դպրոցներում 12-րդ դասարանցիների համար ավարտական քննություններ մտցնելը, ինչն աշակերտներին գոնե ինչ-որ չափով զգոն կպահի։
Ըստ Շորենայի՝ «1+4» ծրագրի խնդիրներից է նաև այն, որ նախապատրաստական կուրսն ավարտելու հետո շատ ուսանողներ տեղափոխվում են և բարձրագույն կրթությունը շարունակում այլ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, Ռուսաստանում և այլուր, քանի որ, օրինակ՝ ռուսական բուհեր ընդունվելը հեշտ է, այսինքն՝ կարող են հարցազրույցով, առանց քննության բուհ ընդունվել։
Եվս մեկ անգամ նշենք, որ «1+4» կրթական ծրագիրը Վրաստանում մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարում: Եվ աշակերտը մայրենի լեզվով հանձնելով միայն մեկ քննություն՝ ընդհանուր ունակություններից, կարող է բարձրագույն կրթություն ստանալ։
Նախագծի առաջին տարում՝ 2010 թվականին՝ էթնիկ փոքրամասնությունների (հայեր և ադրբեջանցիներ) 247 ներկայացուցիչ է բուհ ընդունվել, և հետագա տարիներին ծրագրի շահառուների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճել է՝ 2013 թվականին հասնելով մինչև 890-ի, սական 2014 թվականին անկում է գրանցվել՝ 673 ուսանող։ Արդեն 2015 թվականից կրկին ուսանողների թիվը տարեցտարի աճել է՝ 2019 թվականին հասնելով մինչև 1335 ուսանողի, իսկ 2020 թվականին կրկին անկում է գրանցվել՝ 1191 ուսանող։ Այնուհետև՝ հաջորդ ուսումնական տարում՝ 2021 թվականին գրանցվել է 1332 ուսանող։ Հաջորդ երկու տարիներին ուսանողների թիվը կայուն աճել է՝ հասնելով 1549-ի, իսկ 2024 թվականի տվյալները դեռևս հասանելի չեն:
Վերոնշյալ խնդիրներից ելնելով, կարելի է եզրակացնել, որ վրացական բուհեր ընդունված էթնիկ փոքրամասնությունների ոչ բոլոր ներկայացուցիչներն են հաջողությամբ ավարտում բուհը կամ այն ավարտելու պարագայում՝ աշխատանքի տեղավորվում իրենց ընտրած մասնագիտությամբ։