Ախալքալաքի շրջանի մանկապարտեզները հայերենով ձեռնարկներ չունեն, հայերեն գրքերի պակասը զգացվում է մանկապարտեզների հայկական բոլոր խմբակներում։

Այս եզրակացությանն է վերջերս հանգել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորներից համալրված հանձնաժողովը։ Հայերեն գրքերի և այլ ձեռնարկների խնդիրը վաղուց է արդիական։

Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, Վրաստանում հեքիաթի գրքեր, մեթոդաբանական և այլ ձեռնարկներ գնել ոչ մի տեղից հնարավոր չէ։

«Մենք գրքերի կարիք ունենք: Այս պահին հայերեն գրքերը ոչ մի տեղ չեն վաճառվում, որ գնենք, այս հարցով դիմել ենք Վրաստանում Հայաստանի դեսպանին, նա ասաց, որ կզբաղվի այս հարցով: Նա ինձնից խնդրեց ցանկ՝ բոլոր անհրաժեշտ գրքերով, ես նրան ցանկն ուղարկել եմ: Մեզ պետք են հեքիաթներ, մեթոդաբանություն, թեստեր, հատուկ տրամաբանական ձեռնարկներ և այլն: Վրացերենով մենք ունենք»,- ասում է Անահիտ Ասատուրյանը։

Մանկապարտեզների միությունն ունի բյուջեով նախատեսված գումար, որը երբեմն հասնում է 15 000 լարիի՝ տրամաբանական խաղալիքների և այլ ձեռնարկների համար։

«Այս գումարով մենք գրքեր չենք գնել, բայց օրինակ՝ փայտից լավ խաղալիքներ ենք գնել: Մենք դիմել ենք նաև World Vision-ին, որպեսզի այս ամենը մեզ համար գնեն վրացերենով, որպեսզի դրա համար բյուջեից գումար չծախսենք, այլ ուրիշ ինչ-որ բան գնենք»,- ասում է Անահիտ Ասատուրյանը։